03 02 2020

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։

Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։

Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։

Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, փաստաբանի իրավունքին, բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ:

Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ