Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները մտահոգություն են արտահայտել ՀՀ-ում ինստիտուտների միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ: Այդ մասին նշվում է Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների տարածած հայտարարության մեջ։
«Մեզ շատ անհանգստացնում է Հայաստանում երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի ապարատի եւ Սահմանադրական դատարանի նախագահի միջեւ լարվածության բարձր մակարդակը»,-նշում են Հայաստանում մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Անդրեյ Շիրչելն ու Քիմո Քիլյունենը:
Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած դեմոկրատական համակարգում, նշվում է հաղորդագրությունում։
«Դա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն օրենքի գերակայության պայմաններում»,-նշում են համազեկուցողները՝ հավելելով, որ եթե նրանք չկարողանան համագործակցել այդ սկզբունքներով, վնաս կհասցնեն մեկը մյուսին:
Համազեկուցողների խոսքով՝ այդ լարվածությունը կարող է վնաս հասցնել դատական համակարգին ընդհանուր առմամբ, որի վստահությունն արդեն իսկ ցածր մակարդակում է:
«Առայժմ կառավարությունն ու խորհրդարանն իրավիճակը կարգավորելու համար պահպանել են իրավական ընթացակարգերը: Դեռ ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկյան հանձնաժողովին Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի մասին կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան՝ Վենետիկյան հանձնաժողովն ընդգծել է, որ ժամանակից շուտ թոշակի անցնելը պետք է կրի խիստ կամավորական բնույթ եւ այդ սկզբունքն անհրաժեշտ է պահպանել»,-հավելել են նրանք:
Որպես համազեկուցողներ՝ նրանք համակ ուշադրությամբ կհետեւեն, որ Հայաստանի իշխանությունը շարունակի գործել այդ կերպով, եթե անգամ այդ մեխանիզմի նպատակը, որը կայանում է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները պահպանելու մեջ, ճշմարիտ է:
«Մենք արդեն ընդգծել ենք անհրաժեշտությունը, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը»,-նշել են համազեկուցողները:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, այդ լարվածությունը չպետք է քողարկի Հայաստանում ինչպես նախապատրաստական փուլում գտնվող, այնպես էլ բազմաթիվ ոլորտներում մեկնարկած բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք գտնվում են Եվրախորհրդի հետաքրքրության շրջանակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը