30 01 2020

Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» լուծարվեց

Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» լուծարվեց

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց նվազեցնել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կանոնադրական կապիտալը, այս ինստիտուտի միացնել Առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ը Հայաստանի առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը: Հավաքածուն կազմում է ավելի քան կես միլիոն գրականություն: Այն ներառում է էլեկտրոնային և տպագիր բժշկական գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ, տեսալսողական նյութեր: Գրադարանն ունի անհրաժեշտ կադրային ռեսուրսներ:

Գրադարանին անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է՝ 723.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը և 24.7 քմ ընդհանուր մակերեսով պարիսպը: Ընդհանուր զբաղեցված հողատարածքը կազմում է 2728 քմ: Գրադարանը գտնվում է Երևան քաղաքի Ռուբինյանց 29/3 հասցեում:

Գրադարանը հիմնադրվել է 1939թ-ին` որպես առողջապահության բնագավառի հիմնարար գրադարան: Գրադարանի հիմնական գործառույթներն են` բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը, փաստաթղթերի մշակման և տեղեկատվության որոնման ավտոմատացումը, բժշկական գրադարանների ցանցի համակարգումը, ինչպես նաև բժշկական գրադարանավարների մասնագիտական հմտությունների զարգացումը: Տեղեկատվությունը բժշկական հանրությանն առավել մատչելի դարձնելու նպատակով 1951թ-ից Գրադարանը համակարգում է բժշկական գրադարանների ցանցը, որը ներառում է երկրի բժշկական բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների և բժշկական կազմակերպությունների գրադարանները:

Նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» նպատակները հիմնականում կայանում են բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստման, կլինիկական չափորոշիչների, չափորոշավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակման, ներդրման և վերահսկման, առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրման, ազգային զեկույցների պատրաստման, առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրման և շտեմարանի ստեղծման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ