29 01 2020

Մեր բանակը բռնել է նախաձեռնող դիրք․ Դավիթ Տոնոյան

Մեր բանակը բռնել է նախաձեռնող դիրք․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորանքի խոսք է հղել Հայոց բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Նա շնորհավորել է բոլոր ներկաներին Բանակի օրվա առթիվ և հավելել, որ առաջին անգամ 1919 թվականի վերջում, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 19-ին, 20-ին եւ 21-ին է հայ ժողովուրդը մեծ շուքով նշել Բանակի օրը:

«Ինձ համար հուզիչ էր «ՀԱՌԱՋ» պարբերականի 1919 թվակա­նի դեկտեմբերի 25-ի 73-րդ համարում տպագրված տողերը կարդալը. «Մեր ապագա հույս մատաղ սերունդը անմասն չի ուզում մնալ հայրենիքի պաշտպան մեր զինվորների համար հայտարարված Բանակի օրվա երեքօրյա տոնախմբությանը։ Երեւանի դպրոցների աշակերտությունը ցածր դասարաններից մինչև վեր նվիրաբերում են իրենց ծնողների կարողության չափով՝ մրգեղեն, լուցկիներ, ծխախոտ, շորեղեն, սապոն, գուլպաներ եւ ուրիշ անհրաժեշտ իրեր»: Հուզիչ էր, որովհետև նախօրոք դեկտեմբերի 19-ին պլանավորված շքերթի՝ հաջորդ օրը տեղափոխելու պատճառն այն է եղել, որ «եղանակը վատթարացել է, իսկ շքերթին մասնակցող աշակերտների մեծ մասը չի ունեցել ձմեռային շորեր ու կոշիկներ»:

Ահա այդ պայմաններում են մարդիկ նվիրաբերել բանակին, այդ պայմաններում է նշվել բանակի օրը: Եվ այսօր մենք բանակի օրը նշում ենք պայմաններում, որոնց մասին առաջին Բանակի օրվա կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել անգամ չէին կարող»,- ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ այսօր մենք նշում ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում առավել մարտունակ ու պատրաստ զինված ուժերից կազմված բանակի օրը՝ ունակ յուրաքանչյուր պահի ռազմական գործողություններ վարելու:

«Մենք նշում ենք օրը մի բանակի, որը, արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու 4-րդ սերնդի ավիացիայով, վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք և առաջ է շարժվում ոչ թե միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով, բայց և միաժամանակ, հավատարիմ մնալով հայ ժողովրդի խաղաղասեր էությանը, աշխարհի 5 ռազմաբեմերում պատվով է ներկայանում խաղաղապահ ու մարդասիրական առաքելություններով:

Մենք նշում ենք օրը մի բանակի, որը 21-րդ դարի 3-րդ տասնամյակ է մուտք գործում նոր զորային կառուցվածքով, կառավարման և ղեկավարման նորացված համակարգով, որն այսօր արագորեն առաջ է շարժվում մարդակենտրոն կառույց դառնալու ճանապարհով, հետևողականորեն շարունակում է խրախուսել ու առաջ մղել ինտելեկտուալ, կիրթ զինծառայողի կողմից կարևոր որոշումների կայացման, դրանց հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձնման մշակույթը և ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը՝ առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու և սննդով ապահովելու համար»,- մանրամասնել է ՊՆ նախարարը և հավելել՝ մեր բանակի սպաները  ստանում են մասնագիտական կրթություն, պարտականության փոխարեն ունեն առաքելության կարևոր զգացումը, գիտակցում են, որ հանձն են առել մեր երկրում ամենապատասխանատու պետական ծառայությունը, և գիտակցում են նաև, որ մեր համազգային երազանքներն իրականացնելու ճանապարհին բոլորս պետք է անենք ոչ թե այնքան, ինչքան հանձնարարված է կամ ընդունված է կամ կարող ենք, այլ անենք դրանից գոնե մի փոքր ավելին՝ առաջնորդվելով որդեգրված «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...» նշանաբանով:

«Եվ այսօր մենք նշում ենք օրը մի բանակի, որի անձնակազմը՝ շարքայինից մինչև գեներալ, գնդերեցից մինչև հոգևոր առաջնորդ, դիրքում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեքենավարից մինչև բարձրաստիճան քաղծառայող, Նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպու­թյու­նից մինչև մատակարար ընկերություն, բարձր գնահատելով և լավ ճանաչելով բանակի ակունքներում կանգնած բոլոր երախտավորներին՝ շնորհակալության ու պարտավորության զգացումով տոգորված, ամեն ինչ անում է նրանց մեծ գործը շարունակելու, հաղթանակի ոգին պահպանելու համար՝ առաջնորդվելով այն պարզ գիտակցությամբ, որ պետք է լինի աղյուսն աղյուսի վրա, ոչ թե աղյուսն աղյուսի փոխարեն»,- նշել է Դավիթ Տոնոյանը և ելույթը եզրափակել ևս մեկ անգամ ներկաներին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ