7or.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տոնական օրով օպերացիա իրականացրեց և հարամեց Բանակի տարեդարձը։ Օպերացիան ուներ «Գրիչ» կոդային անվանումը։ Նպատակը՝ թրոլինգների, ծաղրուծանակի և անեկդոտների թեմա դարձած գրիչի և Փաշինյանի խայտառակ տապալման թեմայից շեղումը, ձեռքի հետ էլ՝ վախի մթնոլորտի տարածումը և սեփական շարքերին դուխ տալը, թե բա ուժեղ ենք։
Ասֆալտին փռելու և ձեռնաշղթաներ հագցնելու միջոցով բերման ենթարկվեցին Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր–Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը։ Որպես հիմք էր վերցվել ապօրինի զենքի կամ թմրանյութի օգտագործման կասկածանքի թեման, ինչն, իհարկե, ծիծաղելի է։
Նիկոլը շատ լավ գիտեր, որ բերման ենթարկվածներն ակտիվ դեմքեր են ու նրանց բերման ենթարկելն անաղմուկ չի կարող անցնել։ Բայց իրենց հենց այդ աղմուկն էր պետք՝ գրիչի թեմայից ձերբազատվելու համար։ Այսինքն՝ նա պատրաստ է եղել հայհոյանքների տեղատարափի տակ ընկնել բերման ենթարկելու համար, միայն թե չհիշվի տխրահռչակ գրիչը։
Անաղուհաց հաճախորդը
Նիկոլի գործերը վատ են։ Շատ վատ։ Նա միշտ սովոր է եղել սրա ու նրա վրա «հաչալ» և մարդկային լեզվով պատասխան չստանալ։
Ընդդիմադիր աշխատող Նիկոլն իր թերթով քննադատում, սուտ լուրեր էր տարածում և հակահարված չէր ստանում։ Բոլորը կամ գրեթե բոլորը նախընտրում էին նրան չանդրադառնալ կամ հետը լեզու գտնել։
Կային եզակի շրջանակներ, որոնք միշտ Նիկոլին իր տեղն են ցույց տվել։ Մասնավորապես՝ «7or.am»–ը 2009–ից սկսած, այսինքն՝ հիմնադրման պահից, առիթի դեպքում անդրադարձել է Նիկոլի էժանագին քայլերին, բացահայտել նրա իրական էությունը և կոնկրետ գնահատականներ տվել։
Նախորդ իշխանությունները, ինչ–ինչ հաշվարկներից ելնելով, որոշեցին Նիկոլի հետ լեզու գտնել ու հաճախորդացնել նրան։ Սարքեցին պատգամավոր ու սկսեցին օգտագործել։ Նիկոլը շարունակում էր աջ ու ձախ կեղտ շաղ տալ։ Նրան թույլատրված էր հարձակվել նաև իրեն հաճախորդացնողների դեմ՝ պայմանով, որ կրկնակի հարձակման կենթարկվեն նախորդ իշխանության իրական ընդդիմախոսները։ Գործարքը փոխշահավետ էր, բայց հետո վարունգը թարս աճեց։
Նախորդ իշխանություններին թվաց, թե գտել են երջանկության և քաղաքական երկարակեցության բանալին՝ Նիկոլի պես հաճախորդներ բուծելով։ Բայց, ինչպես հաճախ է լինում, կոմերցիոն հիմունքներով կազմված քաղաքական պայմանագիրը «իքս» պահին չեղարկվեց։
Հաճախորդները միշտ էլ անաղուհաց են լինում։ Նիկոլ Փաշինյանը, Արման Բաբաջանյանը, Ստեփան Սաֆարյանը բացառություն չկազմեցին։ Սրանց նախորդ իշխանությունը, պատկերավոր ասած, կրծքով էր կերակրում, իսկ հիմա սրանք դարձել են ենիչերիներ ու կատաղի պայքար են մղում իրենց անցյալի դեմ։
Կլիենտը հուզված է, նյարդայնացած և ագրեսիվ
Նիկոլն իր գիտակցական կյանքում «հաչել» է ու գրեթե պատասխան չի ստացել։ Նա սովորել է այդպես ապրել, բայց հիմա իրավիճակ է փոխվել։ Իրեն հակադարձում են ու նա «տակն» է մնում։ Ինքը հակահարվածին պատասխանելու ձևը չգիտի, քանզի նման վիճակում նախկինում չի հայտնվել։
Նա չէր սպասում, որ, օրինակ, ասուլիսի ժամանակ Հրայր Թովմասյանի մասին «մուտիտներ» է պատմելու, բայց դա անպատասխան չի մնալու։ Թովմասյանն ապացույցներ պահանջեց ու Փաշինյանը մնաց գրիչի տակ, ավելի ճիշտ՝ գրիչի ծայրին։
Նա սկսեց գրառումը գրառման հետևից անել, այսինքն՝ սխալը սխալի հետևից։ Հետո տեսավ, որ դա չի օգնում, մարտի նետեց Ալեն Սիմոնյանին, ով հիմա շանս է տեսել քծնանքի միջոցով անփոխարինելի դառնալ։
Ալենն իր հետևից հպված մարմնով ու քննադատության թիրախ դառնալու գնով փորձեց փրկել Փաշինյանի հետույքը, բայց գրիչի սուր ծայրը մտել է այն սրողի համապատասխան տեղն ու դուրս չի գալիս այնտեղից։ Դա, անշո՛ւշտ, նյարդայնացնում ու ագրեսիվացնում է կլիենտին։ Արդյունքում՝ որոշում կայացվեց «Գրիչ» օպերացիան կազմակերպել ու արժանանալ տղաների և բոլոր բանական մարդկանց հայհոյանքին, բայց ոչ թե գրիչի, այլ «ասֆալտին փռելու» թեմայով։ Նիկոլին այդպիսով հաջողվեց գոնե մի քանի ժամով շեղել թեման գրիչից։ Իսկ թե ինչ կլինի վաղը, արդեն իրեն հետաքրքիր չէ։ Նոր օրը նոր հիմարություններ առաջ կբերի ու ամեն ինչ կսկսվի նորից։
Անկյուն քշված կլիենտը
Նիկոլ Փաշինյանը մտել է մի փուլ, երբ իր ամեն մի քայլն է՛լ ավելի է վատացնում սեփական վիճակը քաղաքական դաշտում։ Շախմատում դա կոչվում է ցուգցվանգ։
Նիկոլն իրեն այժմ պահում է անկյուն քշվածի պես։ Իսկ նման դեպքերում անգամ փոքրիկ փիսոն սկսում է ճանկռոտել։ Պետք է, ուրեմն, միջանցք բացել նրա համար, որպեսզի իմանա, որ կարող է քաղաքակիրթ և անվտանգ տարբերակով հեռանալ։
Նիկոլն առայժմ կարող է որպես սուբյեկտ մասնակցել քաղաքական փոփոխություններին։ Որոշ ժամանակ անց նա արդեն այդ շանսը չի կարող ունենալ ու քաղաքական գործընթացներին կհետևի լոկ որպես օբյեկտ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ընտրությունն առայժմ իրենն է։ Մեր խնդիրը զգուշացնելն է։ Հետո չասեք, թե չէինք ասել։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Նիկոլականներից մեկը Նարեկ Մալյանին բերման ենթարկելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե բա հանրային պահանջով է Մալյանը հայտնվել անազատության մեջ։
«Հանրային պահանջից» մինչև «ժողովրդի թշնամի» հռչակելը կես քայլ է։ Այդ քաղաքական անմեղսունակը բարձրաձայնել է այն, ինչ կա Նիկոլի մտքում, այն է՝ ունենալ ոչ թե իրավական, այլ նիկոլական պետություն, որտեղ իր կամքը ներկայացվում է որպես «հանրային պահանջ» և իրականացվում։
Այն, որ Նիկոլի ցանկությունը բռնապետություն կառուցելն է, պարզ էր, դեռ «էն գլխից»։ Բայց դա անհնար է։ Հայաստանն այդ ռեսուրսը չունի։ Նրա բռնապետությունը ծաղրի է արժանանում։ Իսկ բռնապետության հակվածություն ունեցողների համար ծաղրի առարկա լինելը սարսափելի է։ Նրանք այդպիսով դելեգիտիմացվում են։ Նիկոլը վախենում է այդ վիճակից ու անտրամաբանական քայլերի դիմում։ Մեղքն իր վիզը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը