22 01 2020

Վարչապետը կորցրել է վստահությունը թիմի հանդեպ և հիասթափված է․ Politik.am

Վարչապետը կորցրել է վստահությունը թիմի հանդեպ և հիասթափված է․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Արդեն տեւական ժամանակ է Հայաստանի ԱԱԾ-ն չունի ղեկավար եւ յոլա են գնում ժամանակավոր պաշտոնակատարով։ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման դեպք նախկինում կարծես թե չի եղել։ Թե ինչու է գործող վարչապետը հապաղում այս նշանակումը կատարել, դժվար է ասել։

Նույն վիճակն է նաեւ Ոստիկանությունում։ Ըստ էության իրավակարգի հետ կապված եւ պետանվտանգության հարցերը կարգավորող երկու ազդեցիկ կառույցներում այս պահին թերի վիճակ է։ Ժամանակավոր պաշտոնակատարները, որքան էլ որ լինեն արժանավոր մարդիկ, միեւնույնն է, իրենց հանգամանքով պայմանավորված չունեն այն լիարժեք իշխանությունը, ինչ որ ղեկավարները կունենային հստակ նշանակումով։

Մի կողմից կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հապաղումը։ Օսիպյանի եւ Վանեցյանի օրինակները քաղաքականից զատ նաեւ մարդկային լուրջ հարված էին նրա համար եւ հոգեբանորեն կարելի է պատկերացնել նրա վիճակը։ Եթե հնարավորություն ունենար, երեւի թե ԱԱԾ-ում Աննա Հակոբյանին կնշանակեր ղեկավար, Ոստիկանությունում էլ Մարիամ Փաշինյանին։ Ակնարկը հասկանալի է, ընդհանուր վստահության խնդիր կա։

Կարող ենք արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանը կորցրել է վստահությունը թիմի հանդեպ։ Կարելի է ասել, նույնիսկ նկատելի է որոշակի հիասթափվածություն թիմից։ Թերեւս հասկացել էլ է, որ «խեցգետին-կարապ-գայլաձուկ» տրամաբանությամբ հավաքված թիմը չէր կարող երկար մնալ կուռ ամբողջության մեջ եւ ի վերջո ներքին տրոհում լինելու էր։ Երեք տասնամյակի քաղաքական կենսագրություն ունեցող քաղաքական գործիչը դժվար թե դա հիմա չհասկանա։ Վստահության պակասը, ըստ էության բազմաստիճան է։

Իհարկե, նույնիսկ Աննա Հակոբյանին կարող է նշանակել ԱԱԾ տնօրեն, Մարիամ Փաշինյանին էլ Ոստիկանապետ, սակայն դրանք ըստ էության քաղաքական նշանակում կլինեն, իսկ այնպիսի համակարգեր, ինչպիսիք ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն է, քաղաքական նշանակումը շատ մակերեսային է, եթե հաշվի ենք առնում հատկապես ԱԱԾ պարագայում, որ Հայաստանը գտնվում է հետսովետական տարածքում եւ կապված է ամենակարեւորը ռուսական համարժեք ծառայության հետ։

Իսկ «ներսից» հավատարիմ մարդ գտնելը չափազանց դժվար է։ Առհասարակ պետանվտանգության, հետախուզական եւ հակահետախուզական, իրավակարգային հարցեր լուծող մարմինները առանձին ինքնաբավ եւ հիմնականում փակ համայնքներ են։ Արեւմուտքում դա հստակ ընդունում են։ Օրինակ Մայք Պոմպեոն եղել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար, սակայն նա եղել է քաղաքական անձ եւ ամերիկյան հետախուզական համայնքում այնքան խորասուզված չի եղել, որ համարվի լիարժեք կերպով յուրային։ Իսկ «տանու մարդ» լինելը նման դեպքերում կարեւոր է, քանի որ քաղաքական նշանակումով միայն «ֆասադային» հարց է լուծվում, իսկ համայնքը շարունակում է մնալ փակ ու մեծավ մասամբ՝ անհասանելի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ