20 01 2020

Արցախում համապետական ընտրությունները կկայանան մարտի 31-ին

Արցախում համապետական ընտրությունները կկայանան մարտի 31-ին

2020 թվականի համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։  Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ