ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Անցյալ տարի, երբ կառավարության առջև բողոքող մեր հպարտ համաքաղաքացիներից մեկը գործածեց «բոլոլա ա լինելու» արտահայտությունը, շատերը զվարճացան իրարանցում, խառնաշփոթ, քաոս իմաաստերն արտահայտող այդ բարբառային բառի կիրառությամբ:
Մեկ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ բոլոլա-ն` խառնաշփոթն ու քաոսը, դառնալու է մեր իրականության, մեր ընթացիկ կյանքի անբաժանելի ուղեկիցը:
Համատարած բոլոլա, որովհետև գրեթե չկա ոլորտ, որ կառավարվի հեռանկարային, ինստիտուցիոնալ ծրագրերով, ծրագրեր, որոնք կհաղթահարեն երկրի լրջագույն մարտահրավերները, կխթանեն հանրային լավակեցությունը և մեզ՝ որպես հասարակություն և պետություն, կմոտեցնեն ցանկալի ապագային:
Նոր իշխանությունների քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացել է ոչ թե հանրությանը միավորող օրակարգերի, իրական արժեքների գեներացման, առողջացման, հանրային համերաշխությունը ամրապնդելու վրա, այլ անցյալի կույր մերժումի, հասարակությունը պառակտելու և մեկը մյուսից արկածային, չմտածված, ամեն գնով սեփական գերազանցությունն ու օրիգինալությունը շեշտող տուրբուլենտ քայլերի վրա:
Քաղաքական դիսկուրսում զուր է պետական ռազմավարական ծրագրերի փնտրտուքը. այնտեղ համատարած պոպուլիզմ է, վրեժխնդրություն, ստատուսային անորակ գզվռտուք, ոչ պրոֆեսիոնալների հեծանվահայտնագործությունների ճիգ:
Ու մինչ տարածաշրջանը շիկանում է իրանաամերիկայն լարվածությունից, իշխող քաղաքական թիմի դիսկուրսում բլինչիկից զուգարանակոնք ձգվող անարժանապատիվ մտահորիզոնն է, միմյանց մերկացումն ու ամուսնանալու մասին շրիշակային/պլինտուս/ ակնարկները:
Իշխանության է եկել քաղաքական մի թիմ, որը երկխոսային հարաբերություններ չի կառուցում ոչ միայն հասարակության և քաղաքական ուժերի հետ, այլև որքան էլ տարօրինակ է՝ սեփական թիմի հետ:
Ու բոլոլան ամենուր է, համատարած, ու յուրաքանչյուր օրը նոր ցնցում է, տեղական բողոքի ալիքները հաջորդում են միմյանց. նոր մարտահրավերներ, վրդովված խաղաղություն ու հուսահատություն, անելից փողոցում հայտնված ու ճանապարհներ փակելով հարցեր լուծող փորձող հանրություն…
Երեք օր է մի քանի համայնքներ, նաև հասարակության մի ստվար մաս, ցնցվում է համայնքային մի շարք ծննդատների լուծարման լուրերից:
Խոսվում է արդեն շրջանառվող որոշման մասին. համայնքները, բուժանձնակազմն ու հնարավոր շահառուները մոլորված են, բազմաթիվ հարցեր անպատասխան են, անհստակ, մոլորեցնող:
Ընդվզում, հոգեխռով ու վիրավորված նախկին հպարտ քաղաքացիներ… Հետո հայտնվում են մարզպետներն ու հայտարարում, որ նախարարի որոշում կա, բայց գրավոր չէ ու խցանվել է ինչ-որ ընթացակարգային ճանապարհերում: Որոշում կա, բայց չի ծանուցվել… Նախարարի որոշում կա, բայց, բայց… Տեղում քաղաքական որոշում է ընդունվում և գոնե երկու մարզպետի/Կոտայքի և Տաուշի/ կողմից հայտարարվում, որ ծննդատները չպիտի լուծարվեն, այլ վերազինվեն ու գործեն:
Խառնաշփոթ, անհստակություն, հակասական հաստատումներ, այլընտրանքների բացակայություն, մի խոսքով՝ իսկական բոլոլա:
Այս պահին չեմ ուզում անդրադառնալ այս կամ այն կոնկրետ ծննդատան փակվել-չփակվելու իրողությանը կամ ծնելիության խթանման պետության հանձնառությանը կամ դրա չգոյությանը, հինգ միլիոն դառնալու վարչապետական հեռահար երազանքին: Բայց չեղած բանին ինչպես անդրադառնամ…
Ինձ առավել անհանգստացնում է երկրի կառավարման մակարդակում որոշումների կայացման որակը, դրանց ռացիոնալությունը, չհիմնավորվածությունը, միևնույն քաղաքական թիմում հակադիր տեսլականների ու պատկերացումների գոյությունը կամ առհասարակ դրանց բացակայությանը… Եվ այսպես ամեն օր, գրեթե բոլոր ոլորտներում…
Երբ Աստծո յուրաքանչյուր լուսաբաց դիմավորում ես հնարավոր արկածախնդրության հերթական ներքին տագնապով…
Հ.Գ. Երեկ Համազգայինի թատրոնում վայելեցի Մոպասանի «Փափլիկը» բացառիկ բեմադրությունը. Բարձր գեղագիտություն, ընտիր խաղ, թատրոն արվեստի խնկարկում: Իսկ մի քանի ամիս առաջ տասը մշակութային կառույցների փակման ցանկում շրջանառվում էր նաև Համազգայինի թատրոնի անունը: Եվ ի՜նչ ճիգ ու նյարդեր պահանջվեցին ոլորտի կառավարման տխրահռչակ պատասխանատուներին հասկացնելու, որ թատրոնը և էլի կառույցներ պիտի ապրեն: Քանդելը հեշտ է, իսկ կառուցե՞լը…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը