13 01 2020

Պետական ինստիտուտները քանդվում են հիմքից, կայծակնային տեմպերով

Պետական ինստիտուտները քանդվում են հիմքից, կայծակնային տեմպերով

Գլխավոր զգացումը, որ այսօր պատել է իշխանությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի (արդեն 1 տարի 8 ամիս է, որ Հայաստանում իշխանությունն ընդամենը մեկ մարդ է), վախն է ։ Վախն է իշխանությունը կորցնելու նկատմամբ։ Իսկ իշխանությունը կորցնելը միանգամայն հնարավոր է։ Չէ՞ որ արդեն քաղաքացին դուրս է եկել տրամադրությունից, թե իր ձայնը որոշիչ չէ, իր խոսքն անցողիկ չէ։ Համենայն դեպս, ինքն այդպես է մտածում, նա մտածում է, որ լավ էլ անցողիկ է և ո՛ր պահին ուզենա, գործի կդնի, Նիկոլի նկատմամբ՝ առավել ևս։ Այ սրանից շատ է վախենում Նիկոլ Փաշինյանը։

Հպարտ քաղաքացին այսօր ազատ է, բայց՝ խիստ ժամանակավոր։ Օրենսդիր, գործադիր մարմիններն արդեն իրենով է արել Փաշինյանը, դատական համակարգ իր բռի մեջ է, կամ առնվազն կառավարելի, բացի ՍԴ-ից։ Այս կառույցի դիմադրությունը ևս ժամանակավոր է, քանի որ արդեն ձևավրովում է սահմանադրական փոխությունների հանձնաժողով։ Եվ եթե դատավորները մինչ այդ չենթարկվեն, ապա եթե իշխանության բախտը բերի, նոր ՍԴ կունենանք նոր սահմանադրությամբ։ Այս ամենն իրականացնելուն զուգընթաց, նախորդ տարվա աշնանից ի վեր, իշխանությունը սկսեց ճնշել լրատվամիջոցներին, հիմնականում՝ բիրտ մեթոդներով։ Եվ բնականաբար, այս ամենից հետո մնում է ճնշելու երկու բան՝ քաղաքական կուսակցություններն ու գործիչներին, որոնց ճնշելու փորձն իշխանության կյանքի սկզբից է կատարվել՝ կալանավորումներով, գործեր սարքելով, ֆեյքային հարձակումներով։ Իսկ վերջում ճնշվելու է քաղաքացին։ Հիմա ճնշում են բողոքի ձայները, կառավարության դիմաց մի բողոքի ակցիայի ժամանակ տասնյակներով ոստիկաններ են գալիս, իսկ հետո ոստիկանական պազիկները մնում են քաղաքի կենտրոնում օրեր շարունակ՝ ի տես բոլորի, որ ոստիկանությունը զգոն է։ Իսկ հետո սրանով չեն բավարարվի, գուցե մտնեն տներ ու գցեն «քացու տակ» ում պատահի։ Այն, ինչի վրա այս իշխանությունը եկավ իշխանության՝ ժողովրդին մոտ լինելու, իր հետ միասին որոշելու և այլն, այսօր անում է տրամագծորեն հակառակը՝ որքան հնարավոր է ժողովրդից հեռու՝ հեռու պահելով նույն այդ ժողովրդի հետ որևէ կերպ շփումից, և դա պատահական չէ։

Այստեղ ուշագրավը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը չէ, վաղուց են կասկածներ շրջանառվում նրա՝ ոչ ժողովրդավար վարքի մասին։ Այստեղ զարմանալին պետական ինստիտուտներն են։

Որքա՞ն արագ նրանք կարողացան հանձնվել։ Կայծակնային տեմպերով։

Ստեղծվել էր պետություն՝ իր ինստիտուտներով, որոնք լավից-վատից, արագ թե դանդաղ, կայանում էին։ Հանկարծ մի թույլ ճնշում, ու դրանք հանձնվում են։

Հայաստանում բոլոր մարմինները՝ դատախազություն, ՔԿ, ՀՔԾ, ոստիկանություն և այլն, զբաղված են «աննախադեպ»-ի բացահայտմամբ։ Տնտեսական կյանքը կազմակերպողներն ու վիճակագիրները զբաղված են Փաշինյանի կամեցած թվերի նկարմամբ։ Նախագահը զբաղված է Սահմանադրության խախտումները չտեսնելու տալով, իսկ հաճախ` ուղղակի անգործությամբ։ Նիկոլ Փաշինյանն ԱՎԾ-ից թիվ է ուզում՝ աննախադեպ առաջընթացի վերաբերյալ, նա տալիս է։ Ի՞նչ փույթ, որ բերնե-բերան սուտ է։ Դատախազից թիվ է ուզում, որ սպանությունները բանակում քչացել են, ու հասել պատմական մինիմումի, այլ տարբերակներ են մոգոնում, վերջում տալիս է այն, ինչ ուզել է։ Ոչինչ, որ սուտ է։ Ընդ որում, ամենաուշագրավն այն է, որ հրահանգը, ինչպես ներկայացնում էր վարչապետը, հնարավոր է և չի կատարվում զանգով։ Բնավ։ Այդ բոլորը շունչները պահած սպասում են վարչապետի ֆեյսբուքյան էջին։ Փաշինյանը գրում է, որ բանակում մահերը քչացել են, մեկ-երկու ժամ անց դատախազությունն ափալ-թափալ հաստատում է։ Փաշինյանը գրում է, որ թռիչքները շատացել են, հետո գերատեսչությունն է հաստատում։ Դատախազից ուզում է դիրքորոշման փոփոխություն մարտի 1-ի գործով, գլխավոր դատախազությունը սխալ է հանում մինչև 2018 թվականը գործած դատախազներին։ ԱԱԾ-ից պահանջում է սատանա գտնել, ֆեյք բռնել, անցնում են այդ գործին։ Պետք է ՍԴ դատավորի վրա նյութեր հավաքել, ոստիկանությունն արդեն դոսյեներն ունի։ Ու ոչ մեկը հաշիվ չի տալիս իրեն, որ ինքը խաղում է պետության հեղինակության, պետական ինստիտուիտների անվան, քաղաքացիների անվան հետ։ Չկա որևէ ղեկավար, որ ընդդիմանա ու ասի՝ չեմ անում, ես գնացի (Վանեցյանի աղմկոտ հրաժարականը գուցե միակ դեպքն է, սակայն քանի որ ոչինչ չասվեց, համոզված չենք, որ պատճառը հենց սա էր)։ Հլու-հնազանդվում են, իսկ երբ այդ ամենից հետո աշխատանքից ազատվում են, դատի են տալիս, թե բա՝ մենք հեղափոխություն ենք արել, լավ աշխատել ենք։

Նշանակում է, որ երբեք էլ պետական ինստիտուտները բավականաչափ կայացած չեն եղել, հակառակ դեպքում այսօր իշխանության ղեկավարի անադեկվատ քայլերին կլիներ պատասխան։ Ներսից, ոչ հրապարակային, բայց կլիներ ու մենք դա կզգայինք։ Բայց չէ, նրանք մնում են ու աշխատում, նրանք այսօր միասնաբար քանդում են այն համակարգերը, որ տարիներ ի վեր կառուցվել է` մեծամասամբ հենց իրենց օգնությամբ։

Հիմա կհարցնեք, այսինքն, մեր երկիրը դատապարտվա՞ծ է։ Մենք գիտենք պատճառը, կանխատեսում ենք նաև հետևանքը։ Եվ այդ հետևանքին չհասնելու համար փոխել է պետք։ Ինչպե՞ս։ Պատասխանատու պաշտոնյաները, որոնք նաև կրում են այս ամենի համար իրենց բաժին պատասխանատվությունը, ինչոր պահի արթնանալու են, սթափվելու են և սկսելու են դարձյալ ծառայել իրենց կոչմանը, ոչ թե այսօրվա` խիստ ժամանակավոր իշխանավորին։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ