10 01 2020

Անլրջություն ամե՛ն օր, ամե՛ն ժամ, ամե՛ն ինչում

Անլրջություն ամե՛ն օր, ամե՛ն ժամ, ամե՛ն ինչում

Եթե մեկ բառով բնորոշվի անցած տարվա ու մի քիչ էլ նորի քաղաքական անցուդարձը, ապա առաջին բառ-գնահատականը մակերեսայնությունն է: Այո՛, հենց մակերեսայնությունը, որը հասցվել է պետական ամենաբարձր կարգավիճակի ու դրսևորվում է արդի հասարակական-քաղաքական, ամենից տխուրը՝ պետական կառավարման բոլոր օղակներում և քայլերում: Ըստ էության, անլրջությունը գործող բախտավարչակարգի քաղաքական կրեդոն է:

Անլրջությունը, անպատասխանատվությունը, մակերեսայնությունը նաև քաղաքական դաշտի մշտական բնակիչներ կամ բացիլներ են: Առանց դրա էլ չի լինի: Մասնավորապես, առանց դրա չի ընդգծվի լրջմիտ ու փաստարկված մոտեցումների կարևորությունը կամ նշանակությունը (ամեն ինչ համեմատության մեջ է առավել լավ քննվում): Դա այլ հարց է:

Բայց երբ այդ, պատկերավոր ասած՝ վարակը ձեռք է բերում դիրք ու կարգավիճակ, տիրապետող է դառնում տխեղծությունը: Թշվառամտությունը թվում է համընդհանուր և ամենակուլ:

Ու անլրջությունը, եթե կուզեք՝ նշածս տխեղծությունն ամենուր է և դրսևորվում է ամեն ինչում: Արդեն մի 10 օր անցյալ դարձած 2019 թվականն ու վարչապետ Փաշինյանի և նրա գլխավորած «իր քայլի» քիչ թե շատ հիշարժան յուրաքանչյուր քայլ դրա ակնհայտ դրսևորումն է:

Տարին (2019-ը) սկսվեց քաղաքական իրավիճակում, երբ արտահերթ ու հապշտապ, ազատ բայց անարդար, ընտրողների մասնակցության առումով՝ պակասավոր  խորհրդարանական ընդրություններում ամրագրվեց Նիկոլ փաշինյանի՝ 2018թ. դեկտեմբերի դրությամբ ունեցած անհատական ռեյտինգը: Սակայն բացարձակ մեծամասնություն ստանալուց հետո էլ բավականին ձգձգվեց կառավարության ձևավորման գործընթացը: Ի վերջո ինչ-որ կառուցվածք հիմք ընդունեցին, գերատեսչությունները խառնիխուռն կցմցեցին, որոնց շարքում ամենից ցայտուն ու վատ օրինակը ԿԳՄՍ նախարարությունն է, չնայած մյուսներն էլ պակասը չեն:

Ժամանակին կեսկատակ առաջարկել էի թողնել միայն մեկ նախարարություն՝ «ամեն ինչի» ու՝ վերջ: Տպավորությունն այնպիսին է, որ գործնականում այդպես էլ վարվել են: Կա Փաշինյան, որպես ամենինչապետ (գոնե հավակնություններով, բայց ոչ միայն) և կան նազիրներ ու վեզիրներ: Ու կան նրա հպատակները, այդ թվում՝ ֆեյք:

Պետական կառավարման համակարգ ասվածի առումով այն կառուցվածքը, որ ձևավորվեց 2019-ի առաջին ամիսներին, իրական անլրջություն է:

Հաջորդ բուռն դրսևորումը դատական իշխանության վրա հարձակումն է: Անունը դրվեց «բարեփոխում» կամ ավելի շուտ՝ վեթթինգ (մաքրակեցության ստուգում) ու գնա՜ց... Այդ պոռթկման բուն շարժառիթն այն էր, որ Փաշինյանի կողմից ամեն ինչի մեղավոր նշանակված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի գործով դատական ատյաններից մեկը համարձակվել էր օրենքի տառին ու պահանջներին համապատասխան որոշում կայացնել:

Փաշինյանն անձամբ կազմակերպեց, բորբոքեց ու գլխավորեց դատական իշխանության վրա իշխանության գործադիր և օրենսդիր մարմինների հարձակումը: Ու այդ ամենը... իբր անկախ դատական համակարգ ձևավորելու դրոշների ու ծայրեծայր կեղծավոր բացականչությունների ուղեկցությամբ: Հասկանալի է, որ այդ օրվանից Հայաստանի դատական իշխանություն ասվածը կարելի է համարել վերացված, իսկ դատավորներն էլ զուտ ձևական դերի մեջ են, քանզի վարչապետի պաշտոնում գտնվողի քմահաճույքներից շեղվող ցանկացած որոշման դեպքում անխուսափելիորեն ենթակա են հետապնդման ու հաշվեհարդարի:

Դատարանների վրա հարձակումը ավելին է, քան անլրջությունը:

Վերցրեք կառավարության, վարչապետի կամ իրենց ձևավորած Ազգային ժողովի, նաև Երևանի քաղաքապետ(արան)ի ցանկացած քայլ, լինի դա կասկածելի արժեքների քարոզումը, հովանավորումն ու ֆինանսավորումը, պետական միջոցներով խալի լվալը, թե «տոնածառի ծախսերը»: Վերցրեք տնտեսական շինծու վիճտվյալներով ձեռնածությունները կամ ՍԴ նախագահի, դատավորների, նաև ՍԴ նախագահի ընտանիքի անդամների վրա իշխանության հարձակումները: Վերցրեք ԱԺ նախկին նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատիրոջ, «Հայաստան» համահայկական հտիմնադրամի նախկին գործադիր տնօրենի դեմ հետապնդումները: Կարող եք վերցնել արտաքին-քաղաքական անցուդարձին վերաբերող քայլեր, հայտարարություններ, գործողություններ, լինի դա Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի՞, թե՞, օրինակ, Արտանիշից ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարներին լայվով հղած կոչի տեսքով: Անլրջությունը ամենօրյա ռեժիմով անցյալ տարի ապահովեց ու նոր-նոր մեկնարկած 2020-ին էլ շարունակում է առատորեն քննադատության թեմաներ ապահովել իշխանության ընդդիմախոսների համար: Երգիծաբանները կարող են հանգիստ չվճարվող թոշակի անցնել, քանզի վարչապետի ու նրա թիմակիցների ցանկացած ելույթ կամ հայտարարություն տեղով երգիծանք է:

Անլրջություն ու տխեղծություն ամե՛ն օր, ամե՛ն ժամ, ամե՛ն ինչում: Դրա հետևանքները ոչ թե լուրջ են լինելու, այլ արդեն իսկ լուրջ են: Ցավոք:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ