1990-ականներին համատարած թալանի, ունեզրկելու մասին բազմիցս է խոսվել ու ներկայացվել փաստեր։ Դրանք այն ժամանակներն էին, երբ ժողովուրդը կռվում էր պատերազմում, դիմանում զրկանքներին, իսկ ղեկավարությունը՝ ակտիվորեն թալանում։ Ու հետո պետք է պարզվեր, որ այդ ընթացքում երկրից շատ բան է անհետացել։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993 թվականի օգոստոսի 25-ին առաջին պաշտոնական այցը կատարեց Թուրքմենստանի Հանրապետություն, հանդիպում ունեցավ նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ։ Տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնում, որ չնայած դժվարություններին, Հայաստանը կանոնավոր վճարում է գազի համար։ Նա խոսում է այն տպավորության մասին, որ գործել է Լևոն Տեր-Պետրոսյանի այցից առաջ ոսկով ինքնաթիռի Թուրքմենստան հասնելը։ «Հիմա մեր կանայք գոհ կլինեն, վերջապես նրանք կստանան հոբելյանական զարդարանքներ Հայաստանից», - ասում է Թուրքմենստանի նախագահը («Ռեսպուբլիկա Արմենիա», 1993 թվականի օգոստոսի 26-ի թողարկում)։
Հիշեցնենք, դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը ծանր վիճակում էր արցախյան պատերազմի պատճառով, և դա այն ժամանակ էր, երբ Հայաստանում գազ չկար, չկար նաև հոսանք, և ժողովուրդը ծանրագույն պայմաններում էր հայտնվել։ Եվ ուրեմն, երբ մենք գազ չունեինք, ինչո՞ւ էր գազի դիմաց կանոնավոր վճարվում։
Փորձեցինք իրադարձություններից 26 տարի անց պարզել՝ 1993 թվականին Հայաստանից որքա՞ն ոսկի կամ թանկարժեք այլ մետաղ է ուղարկվել Թուրքմենստան՝ որպես գազից գոյացված պարտք կամ ստանալիք գազի համար վճարում: Որքա՞ն է կազմել պարտքը կամ ի՞նչ հաշվարկով է վճարվել գազի դիմաց թանկարժեք մետաղներով:
Պարզվում է, որ նման վիճակագրություն չկա․ չի եղել կամ չի պահպանվել։ Ֆինանսների նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ 1993 թվականի վերաբերյալ նման տեղեկատվություն չկա։ Կենտրոնական բանկին ևս հարցում ուղարկեցինք, որն էլ նշեց, որ Կենտրոնական բանկը չի հանդիսանում տեղեկատվության տնօրինող, ուստի տեղեկություն չունի։
Ֆինանսների նախարարությանն ուղարկած մեկ այլ հարցմանն ի պատասխան, որով խնդրում էինք նշել, թե Հայաստանից 1988 թվականից մինչև 1997 թվականը ներառյալ որքա՞ն ոսկի կամ թանկարժեք այլ մետաղ է ուղարկվել Թուրքմենստան և ինչ նպատակով, պարզվեց, որ «ՀՀ կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 492 կարգադրությամբ թույլատրվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը պետական գանձարանից ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնին վաճառել 50 (հիսուն) կիլոգրամ քիմիապես մաքուր քաշով ոսկի՝ Թուրքմենստանից ստացված գազի դիմաց քլիրինգային վճարումներ կատարելու նպատակով»։
Փաստորեն, սա 1994 թվականի որոշմամբ էր, սակայն այդ այցն ու ասուլիսը 1993 թվականի օգոստոսի 26-ի էր եղել, ընդ որում, Թուրքմենստանի նախագահի խոսքից պարզ է դառնում, որ ոչ թե մեկ անգամ է Հայաստանը վճարել, այլ՝ կանոնավոր։
Եվ քանի որ պատասխանատու մարմինը, այն է՝ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ընդամենը 94 թվականին է փոխանցում կատարվել, փորձեցինք Թուրքմենստանի նախարարի հայտարարած՝ ինքնաթիռով ոսկի փոխանցելու մասին տեղեկություն ստանալ պետական այլ կառույցներից։
Հարցում ուղարկեցինք քաղավիացիայի կոմիտե՝ հարցով, թե 1993 թվականի հունիսի 1-ից 1993թ․ օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանից Թուրքմենստան ի՞նչ չվերթներ են գործել։ Խնդրեցինք տրամադրել նշված ժամանակահատվածում կայացած բոլոր չվերթների ամսաթվերը, թե՛ կանոնավոր, թե՛ ոչ կանոնավոր չվերթները և բեռնափոխադրումները։
Քաղավիացիայի կոմիտեն պատասխան գրությամբ հանդես եկավ, թե՝ նշված ժամանակահատվածում Հայաստանիւց Թուրքմենստան չվերթների վերաբերյալ չի տիրապետում տեղեկատվության և առաջարկեց դիմել Ազգային արխիվ։
Հայաստանի Ազգային Արխիվից էլ մեր հարցմանն ի պատասխան ասացին․ «Հայաստանի ազգային արխիվում չվերթների վերաբերյալ փատաթղթեր չեն ընդունվել և չեն պահպանվում»։
Համաձայնեք՝ աբսուրդ է․ Եթե քաղավիացիայի կոմիտեն հղում է անում արխիվին, ուրեմն կոմիտեն ինքը չվերթների վերաբերյալ վիճակագրություններն ուղարկում է արխիվ։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ արխիվում տեղեկություն չի հավաքվում ընդհանրապես։ Ստացվում է, որ կամ քաղավիացիան չի ուղարկում կամ էլ ուղարկում է, բայց չեն պահպանում։ Ամեն դեպքում, պետական կառույցների միջև առնվազն կապը բացակայում է։ Կամ ինչ-որ փուլում կատարվել է հանցավոր անփութություն, կամ միտումնավոր փաստերի ոչնչացում։
Կրկին կապ հաստատեցինք քաքաղավիացիայի հետ՝ հասկանալու համար՝ չվերթների վերաբերյալ, ի վերջո, իրենք արխիվ ունե՞ն, թե՞ միայն հաշվում են եկողների ու գնացողների տարբերությունը։ Ասացին, որ քիչ հետո կճշտեն կզանգեն։ Այդ «քիչ հետո»-ից անցել է 1․5 ամիս։
Մեզ անհրաժեշտ ինֆորմացիան ճշտելու այլ փորձեր ևս կատարեցինք՝ հարցում ուղարկելով ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը, քանի որ նրանում է ներառվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Հարցում ուղարկեցինք նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Երկու նախարարություններին էլ ուղարկեցինք նույն պարզ հարցը․ «1993 թվականի հունիսի 1-ից 1993թ․ օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանից Թուրքմենստան որքա՞ն ոսկի կամ թանկարժեք այլ մետաղ է ուղարկվել՝ որպես գազից գոյացված պարտք կամ ստանալիք գազի համար վճարում: Որքա՞ն է կազմել պարտքը կամ ինչ հաշվարկով է վճարվել գազի դիմաց թանկարժեք մետաղներով»:
Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեր հարցումը վերահասեցեագրել էր Էկոնոմիկայի նախարարությանը։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ պատասխանեց․ «1993թ. թուրքմենական գազի ներմուծման համար վճարված թանկարժեք մետաղների քանակների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղեկատվություն առկա չէ»:
Եվ այսպես, մեկ տասնյակ հարցում ուղարկեցինք պետական գերատեսչություններին, ու որևէ ողջամիտ պատասխան չստացանք պաշտոնական հայտարարության վերաբերյալ։ Ունենք երկրի ղեկավարի ներկայությամբ մեկ այլ երկրի ղեկավարի հայտարարություն առ այն, որ Հայաստանը 1993 թվականի օգոստոսին (կամ հուլիսին) ինքնաթիռով ոսկի է ուղարկվել Թուրքմենստան՝ գազի պարտքի դիմաց, բայց անհնար է ճշտելը, թե որքան ոսկի է գնացել, ինչ արժույթով է հաշվվել, որքան գազ է տրվել Հայաստանին։
Իսկ գուցե դա ոչ թե ինքնաթիռով պարզապես ուղակվել է ոսկի, այլ ուղարկվել է մեկ ինքնաթիռ ոսկի՞։ Չէ՞ որ շատ է խոսվել որ այդ ժամանակներն առ ու փախի տարիներ էին, և ամեն ինչ սեփականաշնորհվում էր, թալանվում կամ ուղարկվում երկրից։ Փաստ է, որ ինչպես ասում են՝ ժողովրդի ոսկին չկա ու անհայտ է, թե որքան ու ինչպես։ Պետական բյուջեից, պետական միջոցներից մեկ կոպեկի դուրսգրումն անգամ լինում է որոշման արդյունքում և արխիվացվում է, բայց այս դեպքում չկա որևէ արխիվ մեկ ինքնաթիռ ոսկու անհետացման վերաբերյալ։ Սա նշանակում է, որ կատարվածն ունի մի շարք պատասխանատուներ։
Եվ ուրեմն՝ 1993 թվականին ինչպե՞ս են անհետացել ՀՀ-ին պատկանող ոսկիները և ո՞վ է պատասխանատուն։ Տասնյակ հարցման արդյունքում պատասխան չստանալով, դիմում ենք իրավապահ ողջ համակարգին՝ դատախազությանը, ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը