ԱՄՆ-Իրան դիմակայությունը մտնում է ռազմական փուլ։ Հունվարի 8-ի գիշերը իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվել է․ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին՝ ի պատասխան գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության։
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը այս առիթով թվիթերյան էջում գրել է, որ Իրանի գործողությունները համարժեք պատասխան են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը։
Նա նշել է, որ հարվածը հասցվել է այն բազային, որտեղից հարձակվել են Սուլեյմանիի վրա։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Իրանը ձեռնարկել է համարժեք գործողություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ հարվածներ հասցնելով այն բազային, «որտեղից կատարվել է վախկոտ հարձակում իրենց քաղաքացիների եւ բարձրագույն պաշտոնատար անձանց վրա»։
Զարիֆը հավելել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ նրանք պատասխան միջոցառումներ չձեռնարկեն, հակառակ դեպքում «կբախվեն ավելի ցավոտ եւ ավերիչ արձագանքի»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մի քանի ժամ առաջ բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում ամերիկյան բազաներին, սպառնացել է վրեժխնդիր լինել բոլոր երկրներից, որոնք կհամարձակվեն իրենց օդային տարածքը տրամադրել ամերիկացիներին։
«ԱՄՆ-ի բոլոր դաշնակից երկրները, ցանկացած տարածքներ հարվածների տակ կընկնեն, եթե դառնան որեւէ թշնամական եւ ագրեսիվ գործողության աղբյուր ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության»,-ասված է հայտարարությունում։ Տեքստում նաեւ հավասարության նշան է դրվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ։ Վերջինս եւս պատասխանատու է համարվել ստեղծված իրավիճակի համար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միաժամանակ կոչ է արել ամերիկացի ազգին ճնշում գործադրել Սպիտակ Տան վրա, որպեսզի ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերը տարածաշրջանից՝ խուսափելու համար հետագա վնասին եւ թույլ չտալ ԱՄՆ ղեկավարներին վտանգի ենթարկել իր զինվորականներին աճող ատելության պատճառով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը