Հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի զոհվելն օդային հարվածի արդյունքում մեր տարածաշրջանը կանգնեցրել է տասնամյակներով ընթացող բազմակողմ հակամարտության կտրուկ սրման վտանգի առաջ: Այս մասինհաղորդագրություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում Իրանի իսլամանական հանրապետության ժողովրդին, միաժամանակ հույս հայտնելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերը զերծ կմնան իրավիճակը ապակայունացնող հետագա գործողություններից, և առկա հակասությունները կփորձեն լուծել խաղաղ ճանապարհով։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը նաև կոչ է անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ստեղծված պայմաններոմ պահպանել ակտիվ չեզոքություն և ըստ հնարավորի նպաստել առաջացած լարվածության նվազմանը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտության հետագա սրացման հնարավորությունը, հույս ենք հայտնում, որ իշխանությունները և հայկական բանակի ղեկավարությունը անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու մեր երկրի սահմանների ու կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը