«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։
Հայտարարությունում ասվում է. «Անկախ ԶԼՄ-ի սեփականատիրոջ հանրային դիրքն այնպիսին է, որ չկայացած ժողովրդավարություններում ցանկացած քաղաքական իշխանություն կարող է գայթակղություն ունենալ «իրավական» գործիքակազմով ներազդել այդ անձանց վրա՝ իրական թիրախ ունենալով բուն լրատվամիջոցը: «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին լուրերը, առնվազն, նման տպավորություն են թողնում։
Հանրային իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատությունը խոչընդոտող կամ այն կասկածի տակ դնող որևէ գործողություն դատապարտելի է և պիտի արժանանա հանրության աներկբա դիմադրությանը»:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով քրեական գործի շրջանակներում հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը, նա դեռ կասկածյալի կարգավիճակ ունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը