20 12 2019

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ զարգացման եւ ամրապնդման գործում մեծ վաստակի համար պարգեւատրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի «Բարեկամության շքանշանով»։

Պարգեւատրումից առաջ հանդես է եկել Ռուսաստանի նախագահը, որն ընդգծել է Տիգրան Սարգսյանի վաստակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին չորս տարիների գործունեության ընթացքում։

«Հարգելի գործընկերներ եւ ընկերներ,

Ես պատվավոր առաքելություն ունեմ, պատվավոր պարտականություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին հանձնելու Ռուսաստանի բարձր պետական շքանշանը՝ «Բարեկամության շքանշանը»։ Բայց մինչ այդ կցանկանայի նշել, որ Տիգրան Սուրենովիչը ծանրակշիռ անձնական ավանդ է ներդրե լԵվրասիական տնտեսական միության զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին 4 տարիների ընթացքում աշխատել է հարթ, առանց խափանումների, հաջողությամբ լուծել է ինտեգրացիոն օրակարգի բոլոր բարդ հարցերը։

Շատ բան է Տիգրան Սուրենովիչն արել այն բանի համար, որպեսզի ԵՏՄ-ն դառնա հիրավի արդյունավետ տնտեսական միավորում, մեծ ջանքեր է ներդրել Եվրասիական միության միջազգային հեղինակության բարձրացման համար, գործընկերային հարաբերություններ է հաստատել այլ պետությունների եւ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ։ Պարգեւատրումը «Բարեկամության շքանշանով» նաեւ Տիգրան Սուրենովիչի վաստակի գնահատումն է Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Աշխատելով պետական տարբեր պաշտոններում, այդ թվում ՀՀ Կենտրոնական բանկի եւ կառավարության նախագահ, նա մշտական ուշադրություն է նվիրել բազմապլան ռուս-հայկական համագործակցության ընդլայնմանը, մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը։ Եվ կցանկանայի ավելացնել ահա թե ինչ. Տիգրան Սուրենովիչը կարողացել է իր վերջին պաշտոնում, որից այժմ հեռանում է, ստեղծել շատ լավ աշխատանքային մթնոլորտ՝ բարյացակամ, պրոֆեսիոնալ։ Նա ցուցաբերել է համբերություն, չնայած այն բանին, որ հարցերը, որոնք ենթակա են եղել համաձայնեցման, ընթացել են ոչ թե պարզապես բավական սուր բանավեճերի շրջանակում, նա իր մեջ ուժ է գտել հանդուրժել այդ ամենը, կրկնում եմ եւս մեկ անգամ, ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի մենք գանք անհրաժեշտ ընդհանուր հայտարարի։ Տիգրան Սուրենովիչ, ես Ձեզ շնորհավորում եմ եւ ցանկանում ի սրտե առողջություն, բարեկեցություն եւ հետագա հաջողություններ»,- նշել  է Վլադիմիր Պուտինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ