17 12 2019

Բրյուսելում քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կատարման ընթացքը

Բրյուսելում քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կատարման ընթացքը

Բրյուսելում դեկտեմբերի 16-ին կայացավ ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը:

Համաձայնագիրը կարեւոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ եւ երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման եւ երկրի արդիականացման գործում:

Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես դատական եւ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առկա է հաջողված համագործակցություն ԵՄ-ՀՀ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծեց Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին եւ հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության եւ գործընկերության վրա:

Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական եւ ֆինանսական հետագա աջակցություն:

Գործընկերության կոմիտեն քննարկեց նաեւ ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի բնագավառներում՝ ուղղորդելով դեպի հետագա առավել մանրամասն քննարկումների կազմակերպմանը փորձագետների մակարդակով ԵՄ-Հայաստան էներգիայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի շրջանակում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտին Երեւանում։

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կշարունակվի կրթական բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Կողմերը հետամուտ կլինեն համագործակցությանը հետազոտությունների ոլորտում «Հորիզոն 2020» ծրագրի ներքո եւ խորհրդակցություններ կսկսեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շուրջ։ Ավելին, ԵՄ-ն եւ Հայաստանը կդիտարկեն երիտասարդության ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակման հնարավորությունները:

Քննարկվեցին նաեւ տնտեսական զարգացման, անվտանգության, Արեւելյան գործընկերության եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հանդիպումը համանախագահում էին Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ