Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած նախարարությունների տգետները
Դեկտեմբերի 12-ի կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով պետական համակարգի աշխատողներից և ակնարկելով նրանց գրագիտության ցածր մակարդակը, հայտարարեց."Մեկ-մեկ նախարարություններից թղթեր է գալիս, կարդում ես, ասում ես՝ է՞ս որ դասարանի երեխա է գրել:
Այս հայտարարությամբ ևս պարոն Փաշինյանը, իմ կարծիքով, փորձում էր բացատրել իր ղեկավարած կառավարության շատ ձախողումները և ապագայում սպասվելիք կադրային ջարդը...Սակայն պարոն Փաշինյանի հայտարարությունն ինձ մի այլ տեսանկյունից հետաքրքեց։
Ոչ բոլորը գիտեն, որ պարոն Փաշինյանի կողմից նախարարություններից ստացված փաստաթղթերի վրա առկա են միայն նախարարների և փոխնախարարների ստորագրությունները...Պարոն Փաշինյանը, ակնարկելով պետական համակարգում գոյություն ունեցող տգիտությունը, ակամայից հարվածի տակ դրեց նաև իր կողմից նշանակված նախարարներին և փոխնախարարներին, որոնց աշխատանքը վերջինս ամսական կտրվածքով գնահատում է համապատասխան 1,5 և 1 միլիոն դրամ։
Եթե նույնիսկ վարչապետի սեղանին դրվում է ինչ-որ նախարարության ինչ-որ աշխատակցի կողմից կազմված փաստաթուղթ, ապա դրա վրա պետք է առկա լինեն նախարարի կամ նրա տեղակալներից մեկի ստորագրությունը... Ստացվում է, որ անգրագետ կազմված փաստաթղթերի համար պատասխանատու են Փաշինյանի թիմակցները, որոնք պարտավոր են որևէ փաստաթուղթ վարչապետին ուղարկելուց առաջ կարդալ դրանք, անհրաժեշտության դեպքում ուղղումներ անել և նոր ուղարկել Փաշինյանի գրասենյակ։
Ստացվում է, որ տգետ են ոչ միայն պետական համակարգի շատ աշխատողներ, որի մասին բարձրաձայնեց ՀՀ վարչապետը, այլև իր կողմից նշանակված, իր թիմակից համարվող շատ նախարարներ և փոխնախարարներ ևս, ովքեր, չտիրապետելով իրենց վստահված ոլորտներին և ընդհանրապես լինելով դիլետանտ, իրենց ստորագրությունները դնում են անգրագետ կազմված փաստաթղթերի վրա և ուղարկում են վարչապետին...Ինչպես ասում են՝ "Ձուկը գլխից է հոտած": Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ "նեխած հոտը" առաջինը գալիս է իր թիմակիցներից։
Հ.Գ. Պետական համակարգի մաքրման պահով համաձայն եմ պարոն Փաշինյանի հետ։ Բայց այն պետք է սկսել իր թիմակիցներից՝ անգրագետ, դիլետանտ և իրենց վստահված ոլորտից չհասկացող նախարարներից և նրանց տեղակալներից։
Եթե միլիոնավոր դրամներ ստացող նախարարները և նրանց տեղակալներն անգրագետներ, դիլետանտներ են, ապա շատ ծիծաղելի է գրագիտություն և պրոֆեսիոնալիզմ պահանջել նախարարների և փոխնախարարների կողքին գրոշներ ստացող պետական համակարգի աշխատողներից...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը