Օպերատիվ պրոցես է գնում, փոխնախարար է ձերբակալվել, լավ կլինի ունենա փաստաբաններ, պաշտպանվի. ես մի բան գիտեմ, որ կաշառքի գործով դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնել: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանը:
Հարցին, թե ո՞նց է ստացվել, որ վարչապետը բազմիցս զգուշացրել է, որ պատերին կտան, ասֆալտին կփռեն, ու հիմա ամենաթունդ հեղափոխականներից մեկը մեղադրվում է կոռուպցիայի գործով, Մարուքյանն արձագանքեց. «Աստվածաշնչում մի բան կա գրված. ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի: Հիմա գայթակղություն եղել է, մարդիկ գնում են գայթակղությունների, էս գործի մասին չեմ ասում, ընդհանրապես եմ ասում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այդպիսի գործերն անխուսափելի են: «Բա ի՞նչ, մտածում էիք, որ հեղափոխություն է եղել, ուրեմն իշխանության եկածները բոլորը սո՞ւրբ են: Ո՛չ, իրենք էլ են գայթակղվելու, լինելու են գայթակղություններ: Դրա համար մենք ուշադիր ենք: Դրա համար ենք ասում՝ խնդիր կա, ծառայության դիմաց է նվեր տրվել: Այսօր կարող է հանրային շահերի համար բան ուզեն, մյուս օրն էլ՝ իրենց համար: Պետք է բոլորս ողջամտությունը պահպանենք: Չպետք է ասենք վայ վույ, քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է, ոչ մեկը սուրբ չէ, բոլորը կարող են սխալներ թույլ տալ, պետք է փոխզսպումների մեխանիզմը աշխատի ու քաղաքական մեխանիզմը աշխատեցնեն, որովհետև հիվանդ է համակարգը»,- ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը