Դեկտեմբերի 4-ի խորհրդարանի նիստը անցնում է թեժ մթնոլորտում: «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել: Այս անգամ էլ վիճեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց. «Զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա խորհրդրարանական՝ կարող եմ ասել, որ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Ուղղակի անհարմար է: Հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է, բայց դուք իրավունք չունեք պարոն Ծառուկյանին վիրավորել: Եթե չեք հասկացել իր հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ:
Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Գառնիկն է, Ազիզյաններն են: Հիմա ի՞նչ անենք, չի կարողացել էդ մարդը հնարավոր ներդրումների բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի այլ միլիարդավոր ներդրումներ գան Հայաստան: Սրա մասին է խոսել պարոն Ծառուկյանը»:
Զոհրաբյանը նաև նշեց, որ թեև ԲՀԿ-ին մշտապես մեղադրում են կոալիցիաների մեջ լինելու համար, բայց եթե ԲՀԿ-ն չլիներ խորհրդարանում, ապա ԱԺ-ում գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու. «Եվ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք և որտեղ կհայտնվեիք»:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Էդ քանի՞ գլխանի էին, որ վարչապետ չընտրեին»: «Ի՞նչ պիտի անեին, չլինեին չէր ընտրվի: Ո՞նց թե, քանի գլխանի էիք», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ալսեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ըտենց»:
«Մի հատ Ձեզ չափավորեք», - տեղից արձագանքեց Զոհրաբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը