04 12 2019

Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ

Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ

Մեդիա պաշտպանը գրում է․ «2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 182 հոդված, որոնցից 10-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 171-ը՝ չեզոք։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ։ Ավետիք Իշխանյանը «Առավոտ» թերթում հրապարակած իր վերլուծականում, անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի BBC-ին տրված հարցազրույցին, գրել է, որ այն «ոչինչ չասող հարցազրույց էր»։ Ավետիք Իշխանյանն անդրադարձել է նաև արցախցիների անվտանգությանն ու իշխանությունների կողմից հնչեցվող մտքերին և գրել հետևյալը. «Ի՞նչ է նշանակում եւ վարչապետի, եւ այլ իշխանության ներկայացուցիչների խոսքը. «Ադրբեջանը ցանկանում է Արցախի միայն տարածքն, առանց հայերի»։ Այսինքն, կարծես հարցը վերաբերում է միայն արցախցիների անվտանգությանը (արդյո՞ք այդ միտքը չէր նաեւ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի առանցքը), թեկուզ Ադրբեջանի կազմում։ Իսկ եթե մեզ «համոզում են» եւ տալիս այդ «երաշխիքները», ի՞նչ… Չէ՞ որ նմանատիպ «անվտանգության» երաշխիքներ կարող են հետագայում տալ նաեւ Հայաստանի Հանրապետությանը, օրինակ՝ նույն Ադրբեջանը, Թուրքիան, կամ ցանկացած այլ երկիր»։

Թևան Պողոսյանն, անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցին, ասել է․ «Մեկ տարի է՝ լսում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է` պայմանավորվել ենք սինքրոն աշխատել: Ամեն հանդիպումից հետո տեսնում եմ անսինքրոն աշխատանք՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական լցոնումներ է իրականացնում: Ծրագրի ավարտից հետո Թբիլիսում հանդիպել են Կասպրչիկը և երկու կողմերի լրագրողները: Իրենք էլ էին զարմացած. նույնիսկ տեքստ է պայմանավորվել, որ պետք է Կասպրչիկը հայտարարեր, բայց այդ տեքստը չկա»: Թևան Պողոսյանը վստահ է՝ ոչ ՀՀ ԱԳՆ-ն, ոչ էլ Արցախի ԱԳՆ-ն է դրա դեմն առել․ «Ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմից է դա եղել, ինչը նշանակում է իրենք ունեն այլ նպատակներ»։

Օրերս, «Հրապարակ» օրաթերթը էլեկտրոնային նամակ է ստացել, որում նշված է եղել, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Կանադայի դեսպանության՝ Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառմանը։ Ըստ լրատվականի՝ իրենք կարծել են, որ Զոհրաբ Մնացականյանը պաշտոնանկ է արվել, հետո հասկացել են, ինչպես մյուս կառավարման օղակներում, ԱԳՆ-ում նույնպես քաոս է ու անտերություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ