02 12 2019

Իշխանափոխության համար Հայաստանը Սերժ Սարգսյանին է պարտական․ կարծիք

Իշխանափոխության համար Հայաստանը Սերժ Սարգսյանին է պարտական․ կարծիք

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, “Աազատություն” ռկ եթերում, մի շարք անհեթեթ հայտարարություններ է արել, փորձելով մեկնաբանել ԵԺԿ համագումարում ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Իր պատասխանատու պաշտոնում առ այսօր որևէ բանով աչքի չընկած Արմեն Գրիգորյանի երեկվա ելույթը վկայում է այն մասին, որ նա պետական պաշտոնյա դառնալու նույնիսկ ապառիկ շանսեր չունի: Նրա մեկնաբանությունները վկայում են, որ չի հասկացել Սերժ Սարգսյանի ելույթի իմաստը, ուղերձները, քաղաքական միջավայրը և քաղաքական միտքը:

Տիկնայք և պարոնայք մեծապատիվ պոպուլիստներ, դիլետանտներ ու մանիպուլյատորներ,երբ քննադատում եք Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի ժողովրդավարության և ընտրությունների համար, թեկուզև դրանք անթերի չեն եղել, բայց առնվազն հիշե՛ք, որ

ա) Սերժ Սարգսյանի օրոք անցկացված երկու խորհրդարանական, մեկ նախագահական և բազմաթիվ ՏԻՄ ընտրությունները ճանաչվել և բարձր գնահատականների են արժանացել միջազգային բոլոր առաքելությունների կողմից.

բ) ձեզանից ոմանք (այդ թվում նաև մեր ճամբարից ձեր ճամբար անցածները) իրենց քաղաքական գործունեությունը սկսել են հենց այդ ընտրությունների ու այդ ժողովրդավարական հաստատությունների ընձեռած հնարավորություններով.

գ) այդ ընտրություններում երկրի ղեկավարներն ու այլ գործիչները նախընտրական քարոզներում չեն հոխորտացել ընդդիմության հասցեին, ատելության կոչեր չեն արել, սևերի ու սպիտակների չեն բաժանել երկրի քաղաքացիներին, սոցիալական ցանցերում հայհոյախառը մեկնաբանություններ չեն պատվիրել, այլ երկրներից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպություններին ընտրական գործընթացների մաս չեն դարձրել, ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքների անդամներին բարոյա-հոգաբանական տրավմաներ չեն պատճառել.

դ) իրական ժողովրդավարական հաստատություններում գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը շրջափակելու կոչեր չեն արվում, սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից հրաժարականների “շորթման” փորձեր չեն անում.

ե) իրական ժողովրդավարական երկրում հասարակությանը ստերով ու տեղեկատվական մանիպուլյացիաներով չեն կերակրում, և շատ հարգանքով են վերաբերվում այլակարծությանը՝ անկախ նրանից ընդունու՞մ են տեսակետները թե՞ ոչ:

զ) իրական ժողովրդավարական երկրում ընդդիմությունը քաղաքական այլընտրանքներ պետք է առաջադրի, ոչ թե մոլեռանդորեն քննադատի իշխանությանն ամեն ինչում, իսկ իշխանության գալուց հետո ապաշնորհ կերպով փորձի իրականացնել նույն քաղաքականությունը՝ ինչը որ ինքը քննադատել էր նախկինում: Ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքան էլ բավարար է:

Ա՛յ ծիծաղելի բաները, ժամանակից և տարածությունից կտրված լինելը հենց սրանք են հարգելի Արմեն, ու մի մոռացիր ամենակարևորը: Եթե Սերժ Սարգսյանը և իր կառավարությունը ժողովրդավարության հետ պրոբլեմ ունենաին, ապա դու և քո շատ անգաղափարակից ընկերներ ոչ թե բարձրաստճան պաշտոններում կլինեիք հիմա, այլ օրենքով սահմանված կարգով դատապարտված անձիք: Պատճառներ հաստատ կգտնվեին: Որ լավ մտածեք, դուք էլ նախորդ տարվա իրադարձություններում ինքներդ ձեզ դատելու պատճառներ հաստատ կգտնեք:

Այնպես, որ թավշյա, անարյուն, և անցնցում իշխանափոխության համար ժողովրդավարական Հայաստանը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին է պարտական: Իրական դեմոկրատիայի աշխարհում դա լավ հասկանում են, դրա համար էլ Սերժ Սարգսյանը ժողովրդավարության թեմաներով, ձեր լեզվով ասած, դուխով ելույթ է ունենում Զագրեբում, ու ցավալի է, որ դու լինելով ԱԽՔ, այդքան բանը չես պատկերացնում:

Վերջում Արմեն ջան տես թե որքան դիպուկ ու տպավորիչ է ասել էլեոնորա Դուզեն (եթե չիմաանաս ով է, ենթադրում եմ վիքիպեդիայում կգտնես), կարծես հատուկ ձեր իշխանությունների մասին լինի ասած.

“Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ”:

Մ՛ի խաբեք մարդկանց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ