Alternativ.am-ը գրում է․ «2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերից հետո ամենաշատ քննարկվող թեման այն է, որ բարձր պաշտոնների են նշանակվել մարդիկ, ովքեր չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ, ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ համապատասխան կառավարչական հմտություններ:Իհարկե, սկզբնական շրջանում այս քննադատությանը իշխանական քարոզչամեքենան հակադրում էր այն թեզը, որ դեռ ժամանակ է պետք, որի ընթացքում պաշտոնյաները կհարմարվեն իրենց աշխատանքին և հունի մեջ կընկնեն, բայց այժմ այդ թեզը ևս չի աշխատում, քանզի մեկուկես տարի անց արդեն ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում առկա և ամեն օր առաջացող խնդիրների հիմնական պատճառներից մեկն էլ հենց փորձառության և գիտելիքի պակասն է:
Հատկանշական է, որ այս ամենը շատ լավ գիտեն և բարձրաձայնում են հենց ՔՊ-ի ներսում: Դեռ 2017 թվականին Էդուարդ Աղաջանյանը, ով այժմ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, խոսում էր ՔՊ-ի հրաժարական տված վարչակազմից և մատնանշում ճիշտ այն խնդիրները, որոնք այժմ ակնհայտ են դարձել ոչ միայն նեղ թիմին, այլև ողջ ժողովրդին:Մասնավորապես, Աղաջանյանը նշում է, որ Ալեն Սիմոնյանը ձախողել է ՔՊ-ի PR-ի կազմակերպման գործընթացը, Լենա Նազարյանը՝ ՔՊ 6000 վստահված անձեր ունենալու ծրագիրը, Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ապագա Հայաստան» ծրագրի մշակումը, Նարեկ Բաբայանը՝ տարածքային կառույցների հետ տարվող աշխատանքները, իսկ Արայիկ Հարությունյանը, ով եղել է ՔՊ-ում միակ աշխատավարձ ստացող մարդը, ձախողել է ողջ վարչության աշխատանքի կազմակերպումն ու ղեկավարումը: Վերոնշյալ պնդումներին մանրամասն կարող եք ծանոթանալ ՔՊ նիստից մեզ հասած հոլովակը դիտելով, բայց մի բան առանց այդ էլ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը, չունենալով կազմակերպչական լուրջ որակներ, դեռ ամենասկզբից չի կարողացել իր շուրջը հավաքել մարդկանց, ովքեր կարող են վերցնել պատասխանատվություն որևէ աշխատանքի վերաբերյալ և այն հասցնել ավարտին: Հենց սա է մեր երկրում ստեղծված քաոսային իրավիճակի հիմնական պատճառներից մեկը: Չէ որ հնարավոր չէ ղեկավարել երկիրը մի թիմով, որը ձախողվել է անգամ մեկ փոքր կուսակցության աշխատանքների կազմակերպման աշխատանքներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը