26 11 2019

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձը՝ հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձը՝  հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, կատարած սխրանքները, մասնագիտական կարողությունները, հիրավի, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար, իսկ պատմության մեջ նրա դերն ու վաստակը` արժանի խոնարհումի: Ես և տիկին Ռիտան ամենաջերմ ու լուսավոր հիշողություններն ունենք իմաստուն և համեստ հայուհու` Գոհար Վարդանյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու ու զինակցի, լեգենդար հերոս Գևորգ Վարդանյանի հետ մեր բազմաթիվ հանդիպումներից և անկեղծորեն ցավում ենք այս մեծ կորստի համար: Ցավակցում և զորակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին: Ողջ կյանքի ընթացքում Վարդանյանների լեգենդար ընտանիքը մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, ապրել հարազատ ժողովրդի ուրախություններով և հոգսերով, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի կողքին, աջակցել անգնահատելի մասնագիտական խորհուրդներով: Խոնարհվում եմ Գոհար Վարդանյանի լուսավոր հիշատակի առջև և աղոթում նրա ազնիվ հոգու հանգստության համար»,-ասված է ցավակցական ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ