2019 թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 249 հոդված, որոնցից 39-ը եղել է բացասական, 29-ը՝ դրական, 181-ը՝ չեզոք։
Տիկին Աննա Հակոբյանի մասին լրատվականներում շարունակում են դիտարկվել և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։ Վերջին տասնօրյակներում բացասական հոդվածներն ավելի տարաբնույթ են։
Ըստ հրապարակումների, կոռուպցիոն բացահայտումները պետք է փնտրել Աննա Հակոբյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամում։
Քննադատվել է Աննա Հակոբյանի հանդիպումը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA Armenia ԱՀԱԸ Հայաստան) Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսյանի հետ։
Շարունակվում են «Մել» ֆիլմի շուրջ քննարկումները։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է․ «Ֆիլմի համաֆինանսավորումը ես համարում եմ ավելորդություն և շատ մեծ ճոխություն։ Եթե պարոն Փաշինյանն այդքան շատ ցանկանում էր մասնակցել այդ ֆիլմի նկարահանմանը, Աննա Հակոբյանի հիմնադրամներից որևէ մեկը թող այդ 20 միլիոն դրամը տրամադրեր, ոչ թե պետական բյուջեից տրամադրեին»։
Ըստ լրատվականների, երբ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Աննա Հակոբյանի կողքին նստած հայտարարեց, որ Հայաստանում արտագաղթը կրճատվել է մոտավորապես 90 տոկոսով, նույնիսկ Աննա Հակոբյանը զարմացավ այդ հայտարարությունից։
Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու նոր աշխատատեղ է ստեղծել կառավարության աշխատակազմում հատուկ Աննա Հակոբյանի համար։ Ըստ հրապարակման, այդ աշխատատեղերում աշխատող մարդիկ աշխատավարձ են ստանում պետությունից, որպեսզի սպասարկեն Աննա Հակոբյանին։
Նոյեմբերի 18-ին Վիլնյուս կատարած այցի ընթացքում վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին: Լինաս Լինկևիչիուսը հաջողություն է մաղթել Աննա Հակոբյանին իր նախաձեռնություններում և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:
Աննա Հակոբյանն ու Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը