20  11  2019

Բոլորը վախենում են Նիկոլից, Նիկոլը՝ բոլորից․ Panorama.am

Բոլորը վախենում են Նիկոլից, Նիկոլը՝ բոլորից․ Panorama.am

Panorama.am-ը Վախն է գերիշխում մեր երկրում․․․ ներքևները վախենում են վերևներից, վերինները՝ ներքևներից, ավանդապաշտները՝ սեռաշեղվածներից, այլասերվածները՝ նորմալներից, հայրենասերները՝ դավաճաններից, ազգադավները` ազգայնականներից, դատողները՝ դատվողներից․․․ և բոլորը Նիկոլից, քանի որ նա անկանխատեսելի է։

Բայց ավելի մեծ աբսուրդն այն է, որ Նիկոլն ինքն է վախենում բոլորից։ Այնքան է վախենում, որ աչքին սատանաներ են երևում, որոնց գտնելու համար ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին լուրջ հանձնարարական է տալիս․․․

Ահա և վհուկաորսի հերթական սերիայի սյուժեն։Ո՜նց կծիծաղեինք, եթե Ալիևը նման հանձնարարական տար։ Բայց սա կատարվում է մեր երկրում։ Ասողն էլ մեր երկրի ղեկավարն է, ում վախերը գնալով խորանում են, իսկ վախ ծնող գործոններն օր օրի ավելանում և ավելի առարկայական են դառնում։

Իրար գլխի են կուտակվել իշխանության կոկորդին մնացած հարցերը՝ Ամուլսարն ու Ստամբուլյան կոնվենցիան; ՍԴ-ն ենթարկեցնելու անհաջող փորձերը; Մարտի 1-ի գործի «ջուր» լինելու բացահայտվելը; նույնիսկ մեկուսացված վիճակում Ռոբերտ Քոչարյանի առավելության չդադարող ապացույցները; ուսանողության ընդարձակվող սահմաններով ընդվզումը; արտախորհրդարանական ընդդիմախոսների առատությունը և նրանց միավորվելու մեծ հավանականությունը; «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը, և ի լրումն այդ ամենի՝ ժողովուրդն այլևս չի ուզում խաբված լինել․․․Անշուշտ՝ նաև «թավշյա հեղափոխության» շահառուներին պարտքերը վերադարձնելու պարտավորությունը, որը հիմնականում հակասում է ազգային շահերին՝ առաջ բերելով բուռն հակազդեցություն։Հապա՞ ներքին վախերը, որոնք ավելի կործանարար են։

Տարիներ առաջ Թեհրանում մի ներկայացում դիտեցի, որը խիստ տպավորվել է (ընկերներս, իհարկե, թարգմանում էին)։ Երկու բառով սյուժեն հետևյալն էր՝ հերոսն այնքան է վախենում ամեն մի շրշյունից, հայացքից, ստվերից, որ ի վերջո վախից հանկարծամահ է լինում։ Իսկ իրականում նրան ոչինչ չէր սպառնում․․․Այ, Փաշինյան Նիկոլին է սպառնում արքայական հնարավորություներ տվող աթոռից զրկվելը։ Աթոռ, որ թույլ է տալիս «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» սրտաճմլիկ տողերը կարգախոս դարձնելուց հետո խիստ տրամաբանական եզրահանգմանգալ՝ «․․․հետևաբար՝ ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»։

Հա՛, մենք էլ ենք ամիսներ շարունակ նույնն ասում՝ Փաշինյան ընտանիքը ՀՀ պետբյուջեն շփոթել է ընտանեկան բյուջեի հետ և անխնա մսխում է այն սեփական վայելքների համար։ Եվ քանի որ սույն ընտանիքը նյութապաշտ է և շատ անհագուրդ, իսկ ախորժակն, ինչպես հայտնի է, բացվում է ուտելիս, ապա երևի շուտով պետական բյուջեն ևս քչություն անի։

Այր ու կնոջ անհաշիվ ու անիմաստ վոյաժների, շքեղ վերանորոգված առանձնատուն տեղափոխվելու, երկու զրահապատ գերթանկարժեք մեքենաների գնելու լուրերը ժողովրդի կողմից դեռ չմարսած՝ հիմա էլ ընտանիքը նոր ինքնաթիռ է ուզում․․․(Ай да Пушкин! Ай да сукин сын! Ի՜նչ լավ հեքիաթ է գրել ձկնորսի, իր պառավի և ոսկե ձկնիկի մասին )։

Իսկ Փաշինյանների հավանած ինքնաթիռն արժե 55 միլիոն դոլար․․․ Տնտեսագետները կասեն, թե ինչպես կարելի է այդ գումարը պետության համար ավելի խելամիտ օգտագործել, քան տրանսատլանտյան մի քանի ենթադրական թռիչքների համար օդ նետելը։ Կարելի է մտածել, որ միջազգային հարաբերություններում մեր պետությունը հիմնավորապես որոշել է բոլոր ու առաջնահերթություններն ու շեշտադրումներ, նախանշված են արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունները, և Ատլանտիկան հատելը դառնալու է կառավարական օրակարգի մի մասը։

Եթե այդպես է, եթե արդեն նախատեսված է Վաշինգտոն մեկնել մոսկովյան հաճախականությամբ ՝ ասեք մարդիկ իմանան։Այլապես, նվազագույնը դա քաղքենիության դրսևորում է։ Եվ հետո, պատկերացնո՞ւմ եք իրավիճակի զավեշտը՝ շքեղ օդանավ, թանկարժեք հյուրանոցներ, մեծաքանակ պատվիրակություններ․․․ և աղքատ ազգականի նման բոլորից ներդրումների ու հանգանակությունների խնդրանքներ։

Է՜հ, եթե միայն ինքնաթիռի կարգից ու գնից կախված լինեին երկրի ղեկավարի հեղինակությունն ու աշխատանքի արդյունավետությունը ։ Ո՛չ կոստյումը, ո՛չ էլ ինքնաթիռը չեն կարող քողարկել կրթության ու դաստիարակության, արժանապատվության ու հայրենասիրության բացերը։ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մի հեռուստահարցազրույցում նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ «Բորտ համար 1» Ту-134-ով Փարիզ թռչելիս պետք էր վայերջք կատարել Բուլղարիայում՝ լիցքավորվելու համար։ Բայց դա բացարձակ չխանգարեց Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամենից բարձր մակարդակն ապահովելուն։ Նաև Երկրորդ նախագահը չէր վախենում ժողովրդից ոչ իր նախագահության տարիներին, ոչ էլ հիմա։Իսկ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած Փաշինյան Նիկոլը ընդամենը մեկ տարի անց շրջում է թիկնազորի երկու-երեք շարք պահպանությամբ, Փարիզ մեկնելիս հանրապետության օդային սահմանով անցնում է ռազմական ուղղաթիռի ուղեկցությամբ, ուժեղացնում է կառավարական առանձնատների առանց այդ էլ լավ հիմքերի վրա դրված անվտանգության համակարգը։ Ինչի՞ց կամ ո՞ւմից է վախենում, երբ իրական վախերն իր մեջ են․․․ դրանցից ո՞ւր պիտի փախչի։

Հ․Գ․ Միշտ եմ գլուխ խոնարհել Հովհաննես Թումանյանի մեծության առաջ․ բայց մարդ է՞ս աստիճանի հանճարեղ լինի, որ 107 տարի առաջ ասես հայելային արտացոլմամբ պատկերի իր հայրենիքը («Քաջ Նազարը», 1912թ)։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ