20 11 2019

Հանրային խորհրդի շուրջ հրահրվում է բացասական մթնոլորտ. ՀԽ-ն արտահերթ նիստ է գումարել

Հանրային խորհրդի շուրջ հրահրվում է բացասական մթնոլորտ. ՀԽ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետևանքով խորհրդում ստեղծված իրավիճակը և խորհրդի հետագա գործունեությունը։

ՀԽ անդամների առաջարկով՝ նիստը նախագահել է խորհրդի ամենաավագ անդամ Յուրի Ջավադյանը: Խորհրդի անդամները նախ անդրադարձել են ս․թ․ նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանի կողմից իրենց ուղղված նամակին, որտեղ վերջինս հայտնել է ՀԽ անդամակցությունը դադարեցնելու իր որոշման և դրա պատճառների մասին։

Բարձր գնահատելով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանի 10-ամյա գործունեությունը, նրա հեղինակությունն ու դերը՝ խորհրդի անդամները ափսոսանք ու մտահոգություն են հայտնել Մանուկյանի հրաժարականի և դրա պատճառների առնչությամբ։ Քննարկվել է նաև Հանրային խորհրդի շուրջ հրահրվող բացասական մթնոլորտը։ Խորհրդի անդամներն անընդունելի են համարել իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ։ ՀԽ անդամների համոզմամբ՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև պետական իշխանության այլ մարմինների հետ Հանրային խորհրդի արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք և կառուցողական մթնոլորտ։

Քննարկելով Հանրային խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ (Անահիտ Աղոյան, Հարություն Մեսրոբյան, Արծրուն Պեպանյան), որն օպերատիվորեն կզբաղվի ստեղծված իրավիճակում խորհրդի առաջիկա աշխատանքները կազմակերպելու, նիստերի օրակարգային հարցերը ձևավորելու խնդիրներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ