14 11 2019

Քայլածին մտածողը կհաղթի․ Panorama.am

Քայլածին մտածողը կհաղթի․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Դարձել ենք էլիտա բուծող հասարակություն։ 30 տարի է անդադար փոխվում են քաղաքական վերնախավերը։ Մինչև հերթական նոր իշխանավորներն ընտելանում և սկսում են փոքր ինչ համապատասխանել այդ «բա՜րձր» կարգավիճակին, հայտնվում են հաջորդները․․․ և նորից նույն պտույտը։

«Թավշյա էլիտարացուների» դեպքը բավականին բարդ է այն առումով, որ ուսուցումը զրոյական մակարդակից է սկսվում։ Խոսքը չի վերաբերում դանակ-պատառաքաղից օգտվելու կանոններին։ Ցավոք, նոր իշխանավորների ճնշող մեծամասնության համար ջնջված են ազգայինի սահմանները։

Չէ՞ որ սոսկ էլիտար աթոռին նստելը մարդուն էլիտար չի դարձնում։ Աթոռը միայն արտաքին ատրիբուտներն է ապահովում, մնացածը ազգին ու պետությանը օգտակար լինելու արարքներն ու ձգտումներն են ։ Սակայն դատելով աթոռներին նստածների մեկուկես տարվա գործերից՝ բնավ դրանք չեն այս իշխանությունների առաջնահերթությունները։

Ինչպե՞ս քաղաքական վերնախավ կոչես մի ղեկավարության, որն ասես դիտավորյալ ջարդոտում ու փորձում է անպիտան դարձնել ազգի ոգին ու դիմագիծը պահող հենասյուները։ Օտարածին նախագծերով ներխուժում են հայի համար ամենաանձեռնմխելի տիրույթները՝ ընտանիք, զավակ, լեզու, հավատ։Իշխանությունների բիրտ ու հետևողական ճնշումները հենց այս հարցերում նման են հիպոթետիկ իրավիճակի, երբ սադիստական հակումներով ատամնաբույժը բորմեքենայով դռռացնում է բաց նյարդը․․․ Բուժելո՞ւ նպատակ ունի, թե սպանելու։

Իսկ դիմացինից ի՞նչ է ակնկալվում․ լուռ տանջամահ լինե՞լ, թե՞ սադիստին սատկացնել։ Կախված է զոմբիացվածության աստիճանից։Հասարակության իրական էլիտան, այլ ոչ թե աթոռներին հայտնված քաղաքական արկածախնդիրները, շատ լավ գիտակցում է այսօրվա անփորձ- անպատասխանատու- անկիրթ -թերուս պաշտոնյաների արած-ասածի վաղվա հետևանքները ոչ միայն պետության ներսում, այլև արտաքին աշխարհում։ Աջ ու ձախ խաբելու սովորությունն այնքան խորն է արմատացած, որ սուտն ու սեփական երևակայությունը որպես անհերքելի ճշմարտություններ ներկայացվում են պետության թե ներսում, թե դրսում։

Հեռու չգնանք, միայն նոյեմբերի 13-ին Փաշինյան Նիկոլը Փարիզում Հայաստանը ներկայացրեց որպես օրենքի երկիր, կոռուպցիան վերացրած երկիր, շնորհակալություն հայտնեց իրեն քննադատողներին՝ ճիշտ ճանապարհ մատնանշելու համար, իսկ ժամեր անց Երևանում Աժ ամբիոնից դարձյալ սպառնաց «ասֆալտին պառկցնել» «լափամաններից» զրկվածներին, ծաղրեց այլ կարծիք ունեցողներին, անձնական պաշտպանության տակ առավ տրանսգենդերին․․․

Միթե որևէ մեկը մտածում է, որ ողջ աշխարհն այնքան հիացած- կուրացած է «թավշյա հեղափոխության» ֆենոմենով, որ կետ առ կետ չեն ֆիքսում Հայաստանի ղեկավարության անթիվ վրիպակներն ու սպրդումները, և իրենց պետք եղած պահին դրանք չեն օգտագործի որպես հաղթաթուղթ։ Վարչապետի սելֆիները, ուսերը թփթփացնելը և իրարամերժ հայտարարություներն արտաքին քաղաքականության շարունակական ձախողումներ են։

Բայց պետք է արժանին հատուցել Փաշինյանի անսահման ցինիզմին, որ կարողանալով կողքինների հեգնանքը որպես մտերմության դրսևորում ընդունել՝ իրեն տեսնում է աշխարհի հզորների շարքում։Հա ո՞ր․․․ արդյո՞ք համեմատվելու եզրեր կան։

Ընդամենը երեք օրինակ բերենք․Ցանկացած երկրում առնվազն հրաժարականների շքերթ կլիներ, եթե 2018-ի սեպտեմբերի ՀՀ ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ գաղտնալսման դեպքը բացահայտվեր։ Բայց մերոնք անվրդով մնացին իրենց պաշտոններում առանց անգամ ընդունելու, որ պետության վարկը մի քանի նիշով գցեցին։ Իսկ հենց այս օրերին ԱՄՆ Կոնգրեսում սկսվել են նախագահ Թրամփի իմփիչմենթի հանրային լսումները՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն զանգելու պատճառով:

2019-ի օգոստոսին Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հրաժարական տվեց՝ կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռներն ընտանիքով ճամփորդելու համար օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով։ Իսկ ՀՀ վարչապետն ընտանիքի հետ կառավարական ուղղաթիռն օգտագործում են սեփական տաքսու նման։2019-ի փետրվարին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը վաճառել է իր նախորդի զրահապատ ավտոմեքենաները, շրջում է Volkswagen-ով, շարունակում է բնակվել միջին դասի իր բնակարանում։

Իսկ ՀՀ վարչապետը զրահապատ երկու շքեղ մեքենա է գնել անշուշտ պետական փողերով, և ավելի շքեղ առանձնատուն է տեղափոխվել՝ վերանորագված դարձյալ պետական փողերով։Բազմաթիվ են օրինակները, երբ ի տարբերություն տարբեր ստերի ու սկանդալների մեջ թաթախված ՀՀ այսօրվա ղեկավարության, այլ պետություններում շատ ավելի փոքր զանցանքների համար հրաժարականներ են տվել առաջնորդներ, ողջ կառավարությունը, նախարարներ․․․

Իսկ Հայաստանի վարչապետը 2050 թվի անելիքների մասին է ծրագրեր կազմում, իբր տեսեք՝ մենք հավետ ենք։ Մինչդեռ, նույն այդ ժամանակ հանրապետությունով մեկ չեն դադարում ամենօրյա դարձած բողոքի ցույցերը։Ո՞ւմ են ուզում հոգեբանորեն իրենց անփոխարինելիությամբ հիպնոսել, երբ այդ մանիպուլյատիվ հնարքներն արդեն զոմբիների վրա էլ չեն ազդում։ Անշուշտ, Նիկոլին տասը ձեռքով պահող-պաշտող անբուժելի փոքրաթիվ զոմբիներից բացի, հասրակության մեջ կան մի քանի խմբեր, որոնց բնավ ձեռնտու չէ նրա հրաժարականը։ Դրանք են սորոսածին պաշտոնյաները, օրենքների և Սահմանդրության դեմ մեղանչած դատաիրավական մարմինների ներկայացուցիչները, լևոնա- հհշ-հակական ռևանշիստները․․․

Որովհետև գիտեն, որ նոր իշխանափոխության դեպքում իրենց մեղմագույն պատիժը կլինի աշխատանքից զրկվելը։ Շատ լավ գիտեն նաև, որ գրեթե իրենց բոլորի դեմ կարելի է պետական դավաճանության հոդվածով գործեր հարուցել, այդ պատճառով էլ ատամներով կփորձեն պահել այս ապազգային իշխանությանը։Այս վախերով քնող-արթնացող ոչ մի պաշտոնյա, ոչ մի թիմ, ոչ մի քաղաքական ուժ երբևէ էլիտա դառնալ չի կարող։ Առավել ևս, երբ շատերի միակ շնորքը երկար քայլելու կարողությունն է։ Այն աստիճան չունեն մտածելու ունակություն, որ բացահայտորեն ազգակործան որոշումներով ոտքի կանգնեցրին ազգի իրական էլիտային։ Այնպես որ, ԿԳՄՍ (միանգամից ասոցացվում է ԼԳԲՏ հետ) նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներն ու նրանց միացած դասախոսներն են հասարակության իրական սերուցքը, ոչ թե աթոռներին սոսնձված օտարամոլները։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ