05 11 2019

Ուրիշ Հայաստանի դասերը․ Վահե Հովհաննիսյան

Ուրիշ Հայաստանի դասերը․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանի նորագույն պատմության ընդամենը 1.5 տարին հնարավորություն է տալիս երկրում կատարվողի և կատարվելիքի մասին կարևոր հետևություններ անել։

2018-ի մայիսից մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ «Նորը» և « հինը» զանգվածների համար նախատեսված պարզունակ հնարքներ են, որոնք արդեն կորցնում են իրենց նախնական մոգական ազդեցությունը։ Իսկ այ «ուրիշը» փաստ է, որից պարտավոր ենք հետևություններ անել՝ Հայաստանի առաջիկա մոդեռնիզացիայի և ավելի առողջ, ժամանակակից պետություն ունենալու համար։

«Ուրիշ Հայաստանի» պարամետրերը պետք է հնավորինս ճիշտ հասկանալ՝ ապագայի համար։ Այդ պարամետրերը կան և կախված չեն մեր նախասիրություններից։

1. «Ուրիշ Հայաստանը» շոկային եղանակով ձևավորել է նոր մոտեցում։ Դա առաջին հերթին վերաբերում է պաշտոնյաների խավի մտածողության փոփոխությանը և օլիգարխների, մերձօլիգարխիկ մտածողության փոփոխությանը։ Պարզ ասած՝ նրանց անսահման բեսպրեդելային պահվածքից գրեթե բան չի մնացել։ Ցանկացած հաջորդ իշխանություն սա պետք է դարձնի անդառնալի պրոցես։ Այն վիճակը, երբ պաշտոնը համարվում էր փող աշխատելու նորմալ երևույթ, իսկ ամենաթողությունը և անպատժելիությունը՝ օլիգարխիկ և մերձօլիգարխիկ շրջանակների համար սովորական նորմ, այլևս երբեք չպետք է լինի Հայաստանում։ Անկեղծ ասած՝ դա պետք է վերացած լիներ 10-15 տարի առաջ, բայց այդպես չեղավ, ու հասարակությունը սկսեց խեղդվել արևելյան ու կիսագողական բարքերի մեջ։

2. Ընտրակաշառքով ընտրությունների էջը Հայաստանում փակվել է։ Այլևս մեշոկով անթաքույց փող բաժանելով ընտրություններում հաղթել կամ ԱԺ-ում հայտնվել չի լինելու։ Հետևաբար՝ փոխվում է քաղաքական և ընտրական պայքարի ողջ տրամաբանությունը։ Բայց սա դեռ չի նշանակում, որ երաշխավորված են ազատ քվեարկությունը և բովանդակային ընտրությունը։

3. Բոլոր ոլորտների տոտալ միակուսակցականությունը չի փոխվում։ Տեղի է ունեցել զուտ հասցեի փոփոխություն՝ Մելիք-Ադամյանի փոխարեն այսօր գործում է այլ հասցե։ Սա ակնհայտ խնդիր է, որը խորքային լուծում է պահանջում։ Հակառակ պարագայում բացառված է երկրի առաջընթացը։

4. Նախորդ կետի և այլ գործոնների ուղիղ հետևանքն է այն, որ իշխանությունից դուրս ավելի մեծ ինտելեկտուալ պոտենցիալ և էֆեկտիվ աշխատանքի ավելի մեծ ռեսուրս է կուտակվում, քան՝ իշխանության մեջ։ Սա խոսում է իշխանության որակական աղքատության և անարդյունավետության մասին։

5. Պետական ինստիտուտների ձևավորման և կայացման առումով Հայաստանն իր պետականության ընդամենը 27 տարում բավական լուրջ հաջողություններ է ունեցել։ Կյանքը ցույց տվեց, որ մեզ հաջողվել է անել այն, ինչն այլ պետությունների և ժողովուրդների չի հաջողվում ժամանակի շատ ավելի երկար հատվածում։

6. Այդպես էլ չի գտնվում քաղաքական դաշտի առողջացման կամ, ավելի ճիշտ, ձևավորման բանալին։ Չկա դրա կարևորության գիտակցումը՝ պետության զարգացման համար։ Քաղաքական դաշտում գաղափարական հակակշիռների բացակայությունը շարունակում է վնասել երկրի զարգացման տրամաբանությանը՝ ամենանուրբ մակարդակներում, բայց դա լայն հանրության և նաև վերնախավի մեծամասնության կողմից, ցավոք, չի նկատվում։

7. «Ուրիշ Հայաստանը» իր ստեղծմամբ ապացուցեց, որ չի կարելի անընդհատ հետաձգել, ուշացնել բարեփոխումները, չի կարելի ճահճացնել մթնոլորտը և անտեսել փոփոխությունների պահանջի հանրային տրամադրությունները։ Երբ հանրության տրամաբանական պահանջները չեն կատարվում, գալիս է պատահական լուծումների տարբերակը։

8. Մյուս կողմից՝ ընթացիկ փուլը ցույց է տալիս, որ հնարավոր չէ (կամ չի կարելի) հանրությանն անընդհատ սուտ և կեղծ իդեաներ ներարկել։ Դա միայն սահմանափակ ժամանակահատվածում է ազդելու հանրային տրամադրությունների վրա։ Դա ժամանակավոր գործիք է և սովորաբար վատ հետևանքներ է ունենում։

9. Մյուս հետևությունը, որը հընթացս անում ենք, հետևյալն է. այնքան, որքան առաջին գիծն է մոտիկ Երևանի կենտրոնին, նույնքան էլ խաղաղությունից դեպի պատերազմ ճանապարհն է կարճ՝ մի քանի ժամվա հեռավորություն։ Սա պետք է հասանելի լինի բոլորին։ Սա նշանակում է, որ անմիտ սխալները կամ մտածված վտանգավոր քայլերը (դրանց ցանկը ցավալիորեն մեծ է) կարող են հանգեցնել պատերազմի։

10. Իրավապահ համակարգի և դատարանների կտրուկ բարեփոխումները հրամայական են։ Այդ համակարգերն իրենց այսօրվա որակներով չունեն ապագա և չեն կարող ապահովել երկրի առաջիկա զարգացումը։ Կյանքը ցույց տվեց, որ դրանց հիմքում ընկած են մեկ մարդու ցանկություններն ու հրահանգները, և չի գործում օրինական դիմադրության համակարգը։ Հաջորդ իշխանության համար սա առաջնային խնդիր է. նվազագույնը պետք է ունենալ մի վիճակ, որը բացառի այսօրվա դատախազության կամ ՀՔԾ-ի գոյությունը։ Այսօրվա իշխանությունը դատաիրավական ռեֆորմի իր հնարավորությունը վատնել է։

11. «Ուրիշ Հայաստանը» հասարակության տարբեր շերտերի օր օրի ավելի տեսանելի կերպով ապացուցում է, որ առանց գրագետ թիմերի, առանց գրագետ ծրագրերի, առանց հստակ պատկերացումների Հայաստանում լուրջ հաջողությունների, բեկումնային փոփոխությունների հասնել հնարավոր չէ։ Մեկը մյուսին փոխարինող վերամբարձ լոզունգներն ու լայվերը ոչ մի երկրի իրական հաջողության չեն բերել։ Այս դասն աստիճանաբար հասանելի է դառնում ավելի լայն շերտերի։

12. Երբ նախորդ դրույթի ազդեցությունը դառնա դոմինանտ, Հայաստանը մուտք կգործի իր զարգացման հաջորդ ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլը՝ գրագետ աշխատանքի, ինտենսիվ ստեղծագործ մտքի փուլը։ Բայց այսօրվա Հայաստանը հուշում է, որ դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանի՝ ներհասարակական առողջացման կամ, ավելի ճիշտ ձևակերպմամբ՝ հաշտեցման դեպքում։ Ներհայաստանյան հասարակական հաշտեցումը բարդ ու կարևորագույն պրոցես է, և մենք դրա միջով անպայման անցնելու ենք։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ