04 11 2019

Կոնֆորմիզմը միշտ չէ, որ հասկացվում է

Կոնֆորմիզմը միշտ չէ, որ հասկացվում է

«Իմ Ձայնը» ՀԿ անդամ Արման Պետրոսյանը գրում է. «Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության կառավարության կողմից դրամական միջոցներ հատկացնելու հարցը երկար ժամանակ քննարկման առարկա էր, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ պատասխան չստացան: Պատասխան չստացավ առաջին և կարևոր հարցը. ի՞նչ ստվերային պարտավորությունների արդյունքում էր ՀՀ կառավարությունը ֆինանսավորել Սորոսի ֆոնդի ուղիղ ազդեցության տակ գտնվող ՀԿ-ների դիտորդական առաքելությունը Արցախում։ Առավել ևս, որ բաց և թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած կառավարությունը գնաց փակ ընտրության ճանապարհով, ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները։ Առանց մրցույթի վերոնշյալ կազմակերպություններին ընտրելը կարող է նշանակել, որ ընտրողը՝ կառավարությունը, կոնկրետ խնդիրներ էր դրել նրանց առաջ, որոնք չհրապարակվեցին: Ի՞նչ երաշխիքներ ուներ կառավարությունը, որ այդ ՀԿ-ները Արցախում չեն իրականացնի հակապետական գործունեություն։ Ցանկալի կլիներ մտածել, որ ՀՀ կառավարությունն այս կազմակերպություններին ֆինանսավորելով և գործուղելով Արցախ, վստահ էր, որ ամբողջովին տիրապետելու է իրավիճակին։ Իսկ եթե ո՞չ։ Արդյո՞ք հենց դա չէր նրանց Արցախ գործուղելու և պետության կողմից ֆինանսավորելու իրական նպատակը։ Այս բոլոր մտահոգությունները պայմանավորված են առաջիկայում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտություններին փակ ընտրությամբ Արցախ հերթական սորոսական կազմակերպությունների գործուղման վտանգով: Այս պարագայում միակ լուծումը կլինի մտահոգ հասարակական կազմակերպությունների միավորումը՝ հայտ ներկայացնել եւ իրականացնել դիտորդական առաքելություն Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններում՝ Արցախի օրենսդրությանը համապատասխան, տեղի իշխանությունների համաձայնությամբ։ Սա աշխատանք է, որը պետք է անել։ Հանրային դաշտում կան բազմաթիվ ակտիվ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպանական խմբեր, որոնք կարող են հայտ ներկայացնել և մասնակիցը դառնալ կարևոր գործի։ Ի դեպ, Արցախի իշխանություններն էլ նույնպես պետք է ավելի ակտիվ լինեն այս գործում, և կոնֆորմիզմը միշտ չէ, որ հասկացվում է։ Եթե կան մտահոգություններ, ապա պետք է գտնել խաղաղ, օրինական լուծումներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ