Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Մի ուրվական է շրջում մեր երկրում, պոպուլիզմի ուրվականն է. ու այդ համատեքստում Ալեն Սիմոնյանն է փորձել իր «հեղինակավոր խոսքն» ասել՝ իբրեւ թե ի պատասխան Սերժ Սարգսյանի։
Ալեն ջան, չգիտեմ ճիշտ եմ անում, որ անդրադառնում եմ քո գրառմանը, թե՞ ոչ։ Որովհետեւ թարսուշիտակ, շուռ ու մուռ տված խոսքերիդ անդրադառնալը գուցե եւ անհրաժեշտ չէր, բայց քանի դեռ պետական բարձրաստիճան պաշտոնյա ես հիշի՛ր, պետք կգա։ Հատկապես երբ, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ռուսների հետ հերթական հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի գովքն անելիս լինես։
Եթե ինչպես դու ես ասում, Սերժ Սարգսյանը կարողացել է միջազգային բարդ հարաբերություններում այնպես անել, որ «մեկ գիշերվա մեջ» ԵՏՄ մտնենք ու նաեւ ԵՄ հետ ՀԳԸՀ ( հուսով եմ գիտես ինչ հապավում է) ունենանք, ապա ձեզ մնում է միայն դասեր քաղել երկրի համար մտածող իսկական պետական-քաղաքական գործչից։
Ինչեւիցէ, ձեր իշխանությունը պետք է այսօրվանից մտածի թե ի՞նչ ժառանգություն է թողնելու հաջորդ իշխանությանը։ Մի պահ պատկերացրու, թե ի՞նչ եք դու եւ քո թիմակիցներն ապրելու, երբ ձեր մասին ձեր պես խոսեն կյանքում ոչ մի քար պետության պատին չդրած ջահելները՝ պոպուլիզմախառն ու անպատասխանատու։ Ի միջ այլոց, ի նկատի ունեցիր, որ շատ մարդիկ արդեն սկսել են բարձրաձայն խոսել ձեր թիմի որակների մասին, ու պատկերացնո՞ւմ ես, գոհունակության առիթները արագ սպառվել են եւ եկել է դժգոհությունների հետ առերեսվելու ժամանակը։ Սա ձեզ պետք է վախեցնի։
Ինչ վերաբերում է վախին, ապա բոլորդ էլ վախեցեք Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել։ Վախենալը հասունության, խելացիության եւ ուժի նշան է։ Իսկ քաղաքականության մեջ համարձակության, հերոսության, վճռականության ու իմաստության հետ մեկտեղ նաեւ վախերն են ստիպում մտածել ու գործել հանուն ավելի լավ ապագայի։
Անձամբ ես վախենում եմ, որ Արցախի ճակատագիրն ու Հայաստանի անվտանգությունը նաեւ մի մարդու ձեռքում է, ով հանրությանն առ այսօր հայտնի է մարիխուանան օրինականացնելու իր միակ գաղափարով։
Հ. գ. Ամենայն հարգանքով քո եւ յուրաքանչյուրի անձի նկատմամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը