30 10 2019

Ցեղասպանության բանաձևը քիչ առնչություն ունի հայկական շահի հետ․ Ղազինյան

Ցեղասպանության բանաձևը քիչ առնչություն ունի հայկական շահի հետ․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը մեծ ոգևորությամբ ընդունվեց Հայաստանում և ամբողջ աշխարհում սփռված հայության շրջանում։

Անշուշտ, հոգեկան շատ մեծ բավականություն պատճառեցին Պալատում հնչած ելույթները, զգացմունքային ֆոնը շատ բարձր էր և հերթական անգամ հույս առաջացրեց պատմական արդարության հաստատման ուղղությամբ։

Սակայն այս իրադարձությունը առավել սթափ վերլուծելու արդյունքում կարելի է եզրակացնել, որ ընդունված բանաձևը քիչ առնչություն ունի Հայկական շահի հետ և առավելապես տեղավորվում է ԱՄՆ - Թուրքիա օրեցօր լարվող հարաբերությունների կոնտեքստում։

Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ընդունված բանաձևը կրում է ոչ պարտադիր, այն է, դեկլարատիվ բնույթ, և չի պարտադրում ԱՄՆ գործադիր իշխանությանը այսուհետ կիրառել <ցեղասպանություն> տերմինը, ինչպես նաև այն, որ այդպիսի բանաձև Ներկայացուցիչների պալատը ընդունել էր դեռևս 1984թ., ապա կարելի է եզրակացնել, որ Հայկական հարցը հերթական անգամ խաղարկվում է գերտերությունների կողմից՝ իրենց ազգային շահերին ծառայեցնելու նպատակով։

Չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ մեր անմիջական հարևանությամբ ներկայումս տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, մասնավորապես Սիրիայում թուրքական ռազմական ինտերվենցիան, քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության նկատմամբ կատարվող վայրագությունները, և վերջապես ռուս-թուրքական մերձեցումը, որը բազմաթիվ ռիսկերից զատ, կարող է աննախադեպ հնարավորություններ ընձեռել Հայկական երիտասարդ պետականության համար։

ՀՀ դիվանագիտությանն անհրաժեշտ է գործել առավելագույնս զգույշ, չտրվել զգացմունքներին և առաջնորդվել բացառապես Հայկական շահով՝ թույլ չտալով այն դարձնել մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում։

Այսպիսով, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պետք է ողջունել, շնորհակալություն հայտնել, բայց ոչ մի պարագայում այն չընդունել որպես ԱՄՆ հայկական քաղաքականության ընդգծված ուղղություն։

Գնում ենք առաջ . . .»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ