Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, նախատեսված էր Գյումրիում ավտոմաքսատան բացում։ Այս մասին դեռևս օգոստոսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը․ «Հոկտեմբերի առաջին տասնօրյակն ավարտելուն անմիջապես հետո պլանավարում ենք բացումը հայտարարել։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է ավտոմաքսատան բացում»,- ասել էր Անանյանը։
Այնուհետև սեպտեմբերի 6-ին Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջը հրապարկեց լուր հոկտմեբերի 11-ին ավտոմաքսատան բացվելու մասին։
ՊԵԿ նախագահն ասում էր, որ աշխատանքի տեմպերը չեն գոհացնում, նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում անհրաժեշտություն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Գյումրու մաքսատան տարածքում կառուցված է շենքի չնչին մասը, և երևում է, որ այս տեմպերով դեռ այս տարի բացում տեղի չի ունենա։
ՊԵԿ-ի կայքում էլ ժամկետների երկարացման մասին որևէ տեղեկություն չգտանք։
Գուցե Դավիթ Անանյանը հոկտեմբերի 11 ասելով նկատի է ունեցել հաջորդ որևէ տարվա՞ այդ օրը։
Փաստենք, սակայն, որ Անանյանը չկարողացավ պահել խոստումը, ինչը սովորական բան է այսօրվա իշխանության համար։
Չնայած՝ օրվա ավարտին դեռ մի քանի ժամ կա, ո՞վ իմանա։ Փաշինյանն ասում էր, թե կախարդական փայտիկ ունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը