11 10 2019

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության․ Բակո Սահակյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության․ Բակո Սահակյան

Ստեփանակերտում անցկացվում է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես նշեց Արցախի նախագահը, առաջին անգամ է տեղի ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը միավորել է քաղաքական և հասարակական գործիչների, իրավապաշտպանների և լրագրողների տարբեր երկրներից, Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների անդամների, նրանց, ովքեր ճանաչել են Արցախը կամ համագործակցում են նրա հետ։

«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղությունը, ինչն ինքնին  հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրները առաջնային են նաև բանակցային գործընթացում»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բակո Սահակյանը նշեց, որ իրենք կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հովանու ներքո: «Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման, Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»,-ասաց նա:

Արցախի նախագահը կարևորեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուք փոխգործակցությունը և բարեկամ ժողովրդների հետ համագործակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ