168.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չգիտի, թե ի՞նչ է նկատի ունեցել Աղվան Վարդանյանը, երբ իրեն անվանել է դասալիք։
«Չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել, դե, բնականաբար, այդպես պետք է ասի, Աղվան Վարդանյանն այն դաշնակն է, որը հեղափոխությանը դեմ է քվեարկել, Աղվան Վարդանյանի կարիերան ընդհատվել է հեղափոխությամբ, որի մեջ ես ներդրում եմ ունեցել»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Գրիգորյանը:
Աղվան Վարդանյանը 168.am-ի խնդրանքով անդրադարձավ ԱԽ քարտուղարի՝ իր հասցեին արված մեկնաբանությանը՝ հիշեցնելով Դոստոևսկու հայտնի տողերը։
«Գրված է՝ «Խառնակ ժամանակները մարդուկներ են ծնում»։ Արմեն Գրիգորյանների «ներդրում-հեղափոխության» խառնակ ժամանակն անցնելու է։ Ամեն մեկը պատասխան է տալու իր կենսագրությամբ, իր պատահական կարիերայի արդյունքով։ Ես խաղաղ-խաղաղ եմ նայում այս ամենին։ Սկիզբն ինձ տեսանելի էր։ Վերջն էլ է տեսանելի։ Վերահաստատում եմ՝ ժամանակը ջնջում է փոքրերին»,- մեզ հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը