09 10 2019

Բացառիկ ցինիզմ.իշխանության իրական դեմքը․ Hayeli.am

Բացառիկ ցինիզմ.իշխանության իրական դեմքը․ Hayeli.am

Hayeli.am-ը գրում է․ «Հոկտեմբերի 5-ին 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում, որտեղ ակումբի հիմնադիր-վարող Անժելա Թովմասյանից բացի, նաեւ Հրայր Թովմասյանի լուսանկարն էր։ Հետագայում պարզվեց, որ հարձակում գործածները «հեղափոխականներ» են, իշխանության տարբեր ներկայացուցիչների մերձավորներ ու ընկերներ։Նրանք հայտարարեցին, թե հարձակման պատճառը Hayeli.am կայքի «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Իրականում դա ոչ թե պատճառ, այլ առիթ էր, իսկ պատճառը խոստովանեցին հենց հարձակում գործածները.«Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, երկուսն էլ պետք է հեռանան: «Հայելի»-ն իրավունք չունի գործունեություն ծավալի»:

Իշխանականները այս միջադեպից անմիջապես հետո շտապեցին իշխանության վրայից թոթափել կասկածները՝ մի քանի լիաբերան, իսկ հիմնականում կեսբերան դատապարտական հայտարարություններ հնչեցնելով: Ըստ ամենայնի՝ մտահոգությունը միջազգային կառույցներից սպասվող գնահատականներն էին, որպեսզի չփլվի Հայաստանում աննախադեպ ժողովրդավարության աստիճանի մասին իրենց կառուցած ավազե տնակը: Մինչդեռ կատարվածի նկատմամբ իրավական գնահատականն է, որ կարելի է համարել իշխանության գնահատականի իրական ցուցիչ: Այսպիսով՝ ինչ ունենք այստեղ: Դեպքից մեկ օր անց հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Իսկ այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ վերը նշված 4 երիտասարդները քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:«Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»: Ինչ պատիժ է սպասվում վերոնշյալ երիտասարդներին: ՔՕ 164-րդ հոդվածը վերաբերում է Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, իսկ առաջին մասը սահմանում է հետեւյալ պատիժը.«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»:

Իրականում, ինչպես առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էր այս առիթվ նկատել, որ խոսքը ոչ միայն լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, կամ տեղեկություններ տարացելուց հրաժարվելու հարկադրանքի մասին, այլեւս առանձնակի ցինիզմով կատարված խուլիգանության,որը զուգորդվել է նաեւ գույքի վնասումով: Այսինքն, իրավապահներն առնվազն պարտավոր էին առաջադրված մեղադրանքը լրացնել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ երրորդ կետերով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, ինչպես նաեւ՝ զուգորդվել է բացառիկ ցինիզմով:

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ուստի ժամանակն է թողնել կեղծ բարեպաշտությունն ու իրերը կոչել իրենց անուններով՝ կոչ անելով իրավապահներին ժողովրդավարությանն ուղղված քայլերը պատժել օրենքի ողջ խոստությամբ»։

Անի Սահակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ