04 10 2019

Արցախի ԱԳՆ-ն ՝ ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշման մասին

Արցախի ԱԳՆ-ն ՝ ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշման մասին

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Սարգսյանը նշել է, որ հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին և ճանաչելով միջազգային հանրության կարևոր ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում՝ Արցախը, սկսած 1992 թ., միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։

Անի Սարգսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտադրությունը՝ գտնելու հնարավորություններ՝ չկարգավորված հակամարտությունների գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում կազմակերպության մեխանիզմների ներդրման համար։Սարգսյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամության մասին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ նպատակ ունենալով հետևողականորեն ամրապնդել սեփական քաղաքացիների համընդհանուր և անօտարելի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ազգային մեխանիզմները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ