«Մեդիա պաշտպանը» գրում է․ 2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 49 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 25-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չեն գրվել։ Լրատվականները հիշեցնում են, որ Լենա Նազարյանը, հանդիսանալով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ, ոչինչ չի անում կոռուպցիայի դեմ պայքարում։
Օրերս Լենա Նազարյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Վրաստան՝ մասնակցելու Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ըստ լրատվականի հրապարակման՝ Վրաստանի հայ համայնքը դժգոհել է Լենա Նազարյանի պատվիրակությունից։ Նշվում է. «Թբիլիսիի հայկական շրջանակները լրջորեն մտահոգված են նաև այն իրողությամբ, որ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին վրացական իշխանությունները այս օրերին կրկին արգելել են անցնել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետը և մասնակցել Թբիլիսիում կայանալիք ՀՀ անկախության տոնակատարություններին, իսկ ահա Լենա Նազարյանի պատվիրակությունը սույն սկանդալային հարցին բացարձակ չի անդրադարձել և վրացական կողմի հետ որևէ կերպ չի արծարծել նախադեպը չունեցող այս ստորացուցիչ երևույթը»։
Նշվում է նաև, որ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը դժգոհությունների և լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսացել հայ համայնքի համար։Լրատվականները հիշեցնում են, որ այս իշխանությունները հավաստիացնում էին, որ աշխատանք և պաշտոններ զբաղեցնելը լինելու է առանց քավոր-սանիկական սկզբունքի։ Հրապարակման մեջ բերվում են հակափաստարկներ, նշվում է, որ «Բարեկամ-խնամիների» վառ օրինակ է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանի՝ ամուսիններ լինելու հանգամանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը