Հոկտեմբերի 2-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը դիմեց վարչապետին՝ ասելով, որ քաղաքացիներն իրեն դիմում են և ասում, թե եկել են իշխանության, բայց ամեն ինչ անում են նախկին իշխանությունների պես՝ կարմիր գծերը, սուպերվարչապետական համակարգը, գաղտնի ծախսերը և այլ երևույթներ մնացել են։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․
«Օրինակ՝ երեկ, առաջին օրն այդ Կառավարության շենքերից մեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի ընդունելություն և դա պետական գույք է: Այսինքն, հիմա ձեր տրամաբանությունն այն է, որ ինչքան պետական շենքեր ունենք, այդ պետական շենքերը չպե՞տք է նորոգենք, որ 5 տարի հետո էլ ասեք, որ այս շենքերը, ոտքի վրա կանգնած, փոխանցվել են ձեզ և հիմա չորս տարվա արդյունքում ավերա՞կ են դարձել այդ շենքերը:
Հիմա Կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում, որովհետև հենց հյուր է գալիս, ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ այդ քանդված պատերը թափվում են ներքև: Առաջարկում եք, որ չնորոգե՞նք, ես այդպես չեմ կարծում, որովհետև կա պետական գույք և այդ պետական գույքը պետք է սպասարկվի»:
Գաղտնի ծախսերի մասին վարչապետն ասաց. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված»։
«Այդ հարգելի քաղաքացուն ասեք, թող ձեզ հարց չտա, այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են և մենք դրանց պատասխանում ենք: Թող քաղաքացիները Ձեզ չծանրաբեռնեն այդպիսի հոգսերով: Մենք մեր քաղաքացիների հարցերին կպատասխանենք, Դուք նեղություն մի կրեք»,- դիմելով Ուրիխանյանին՝ ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը