24 09 2019

Նախկին ոստիկանապետի վերջին խոսքերն ինքնասպանությունից առաջ․ Hayeli.am

Նախկին ոստիկանապետի վերջին խոսքերն ինքնասպանությունից առաջ․ Hayeli.am

Hayeli.am-ը գրում է․ «Արդեն տեղեկացրել ենք,որ Բջնիի իր առանձնատանը ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Մեր ունեցած տեղեկություններով՝դեպքը տեղի է ունեցել վկաների ներկաjությամբ:Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ,ախր նրանք  մեղավոր չեն»:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հերքել է տեղեկությունը։ Նա գրել է․

«Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»:

Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:

Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը:

Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»։

Նշենք, որ վերոնշյալ հրապարակումից և հերքումից հետոր Armlur. am լրատվամիջոցն իր տեղեկություններով հրապարկեց հետևյալ նյութը.

«Ես գեներալ մարդ  եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում: Սրանք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերն են: Եվ ինչպես ArmLur.am-ի հավաստի աղբյուրներն են փոխանցում, Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել: Իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար-բարակ խոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց, արի ու տես, այսօր նրան անարգանքի սյունին են գամում, սև բիծ են քաշում կենսագրության վրա, և իրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում», ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Ինչպես հայտնի է՝ Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան վերջին շրջանում հաճախ են հրավիրել Հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք վերցնելու, հարցաքննելու: Չի բացառվում, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատվի համար է նման քայլի գնացել: Սա չհաստատված վարկածներից մեկն է:

Հայկ Հարությունյանը նախկինում զբաղեցրել է նաև ՔԿ վարչության պետի և ՊՊԾ պետի պաշտոնները:

Նրա մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ