20 09 2019

Ինչու է Փաշինյանը վախենում Վանեցյանից․ 7or.am

Ինչու է Փաշինյանը վախենում Վանեցյանից․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Արթուր Վանեցյանից ազատվելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանն արձանագրում էր սեփական վարկանիշի սրընթաց անկումը ԱԱԾ նախկին տնօրենի կայուն բարձր վարկանիշի պայմաններում։

Փաշինյանը սկզբնական փուլում հնարավորություն տվեց Վանեցյանին դառնալ «մաֆիայի դեմ կռիվ տվող կինոյի մեջի տղեն»։ Հետո զգաց, որ Վանեցյանը կամաց–կամաց դառնում է ինքնուրույն սուբյեկտ և դիտարկվում որպես պալատական հեղաշրջման գլխավոր դերակատար։ Զգաց ու ազատվեց նրանից, բայց դրանից Նիկոլի գլխացավանքը ոչ թե պակասեց, այլ ավելացավ։

Բանն այն է, որ Վանեցյանը չի բացառել քաղաքական կարիերա անելու տարբերակը։

Նիկոլի «Հայկական ժամանակը» փորձում էր նրանից երդում կորզել, որ ԲՀԿ–ին կամ որևէ այլ կուսակցության չի անդամակցի, ինչպես նաև քաղաքականություն չի մտնի։ Վանեցյանը ԲՀԿ–ին ու մյուս կուսակցությունների մասով բացառեց իր անդամակցությունը, բայց քաղաքական դաշտ մտնելու հարցը թողեց օդում։ Ահա դա էլ նյարդայնացնում է Փաշինյանին։ Նա չի կարող Վանեցյանի դեմ քրեական արշավ սկսել (թեև իր թերթով ակնարկում է, որ պատրաստ է նման քայլի գնալ), քանզի վերջինս կարող է խոսել։ Խոսել ոչ միայն Փաշինյանի անհավասարակշռության ու անսթափ վիճակի մասին, այլ նաև ստվերային գործարքների թեմաներով։

Եթե Վանեցյանը խոսի Փաշինյանի իրական կերպարի մասին, մասնավորապես՝ նրա ֆինանսական հակումների մասին, ապա «անգրագետ պողոսների» մոտ Նիկոլի բյուրեղյա մաքրության մասին հեքիաթից կմնա միայն երկնքից ընկնող խնձորը, այն էլ՝ «ժողովրդի» վարչապետի գլխի ուղղությամբ։

Վանեցյանի հրաժարականի տեքստը լրջորեն հարվածել է Փաշինյանին։ «Թավշյա» առաջնորդին նա գիժ է հանել ու պետական կառավարմանը ոչ պիտանի։ Եթե դրան նա ավելացնի նաև հակակոռուպցիոն պայքարի ընթացքում Նիկոլի «մեղրոտած» մատների մասին փաստերը, ապա «թավշյա» առաջնորդից կմնան միայն «բմբուլները»։

Վանեցյանը Փաշինյանի ֆոնին շահեկանորեն տարբերվում է։ Պաշտոնավարման շրջանում նա մարմնավորում էր «թավշյա» իշխանության ողջամիտ թևը, իսկ Փաշինյանը՝ ոչ կոմպետենտ թևը։

Հիմա եթե Վանեցյանը քաղաքական հավակնություններ դրսևորի, ապա դա ուղղակի հարված կլինի առաջնայինը երկրորդականից չտարբերող Փաշինյանի համար։ Ահա թե ինչու է նա անհանգստացած։ Ու լավ վախեցած։

Ի դեպ, Վանեցյանը կամուրջ էր հայ–ռուսական, ինչպես նաև Երևան–Ստեփանակերտ հարաբերություններում։ Դա էլ էր նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, ու նա քաղաքական խանդից ելնելով որոշեց ազատվել Վանեցյանից, բայց հիմա այլ խնդրի առաջ է կանգնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ