Ներկայացնում ենք վերջին մի քանի օրերին ՀԱՊԿ-ի ու արցախյան հարցի վերաբերյալ 5 լուր՝ առանց մեկնաբանության, որոնք մտահոգիչ են։
10.09.02019թ․ – Շավարշ Քոչարյան, ՀՀ արտգործնախարարի տեղակալ․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը եթե մենք նայում ենք ՀԱՊԿ շահերի տեսակետից, ապա կազմակերպությունը դրանից շահեց։ Այս գործընթացից հետո բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց, որը նման դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևի մեկնաբանել»։
10.09.2019թ․ - Վիկտոր Ենգիբարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր․ «ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց որևէ մեկը չի կարող պնդել, որ կառույցն արդյունավետ է։ Անհրաժեշտ է բարեփոխումներ նախաձեռնել այդ կառույցում։ Հիմա մենք մեր հանրության մոտ այս կոնտեքստում ձևավորում ենք մի այնպիսի պարանոյիկ սպասում, որ վա՜յ, Ադրբեջանը կգա ու կդառնա գործընկեր։ Իսկ մենք մտածե՞լ ենք՝ միգուցե այս կոմպլեքսի մեջ, անվտանգային այդ համակարգի մեջ դա Հայաստանին միգուցե օգուտ տա»։
16.09.2019թ․ - Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ․ «Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և ադրբեջանական կողմի այս սկզբունքը կատեգորիկ է ու կոմպրոմիս չճանաչող, ուստի Հայաստանն էլ պետք է ասի` Արցախը Հայաստանն է և վերջ»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Արցախը Հայաստանն է և վերջ։
17.09.2019թ․ - Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության մասին․
«Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի մոտ ժամանակներս: Այդ ժամանակ մենք կտեսնենք՝ նա պատասխանո՞ւմ է իր խոսքերի համար, թե՞ ոչ»։
17.09.2019թ․ - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ապագա գլխավոր քարտուղար, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպմանը քննարկվել են առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում բելառուսա-ադրբեջանական համագործակցության հարցեր: Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան բոլոր ոլորտներում:
Ստանիսլավ Զասը 2020 թ. հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը