Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ:
Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և սահմանադրական կարգի տապալման ուղին:
Հանրային պահանջի անվան տակ, իսկ իրականում առաջնորդվելով սեփական շահերով՝ պետության ինստիտուցիոնալ հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականությունն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ:
Դատական համակարգի յուրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ:
Դաշնակցությունը, լինելով հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է խիստ վտանգավոր:
Համարժեք քայլերով և գործողություններով հակազդելու ենք իշխանությունների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում Սահմանադրական նորմերի ամբողջականությունը և ներհասարակական կայունությունն ու զարգացումը։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
16.09.2019
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը