«Հրապարակ»-ը գրում է․ Համադրելով Բրյուսելից և Բաքվից եկող տեղեկատվական հոսքերն ու ազդակները, պարզ է դառնում, որ Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև նախապատրաստվող նոր համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, անկախ Մամեդյարով-Մոգերինի ձևաչափով հանդիպումներին բարձրաձայնվող արարողակարգային լավատեսությունից, այս պահին բախվել է մի շարք խնդիրների:
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի մոտ ստացվեց Եվրոպական Միության հետ ստորագրել նոր՝ Համապարփակ և Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր (CEPA), իսկ դեռևս 2017 թվականին մարտին մեկնարկած Ադրբեջան-ԵՄ բանակցությունները Ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ վտանգված են, և Ալիևի մոտ մինչ այսօր չի ստացվում իրական առաջընթաց արձանագրել եվրոպական ուղղությամբ:
1. ԵՄ-ն և Ադրբեջանը ընդհանուր հայտարարի չեն գալիս ավիափոխադրումների հարցում, Ընդհանուր ավիացիոն տարածքի քաղաքականության շուրջ:
Հայաստանը Common aviation Area համաձայնագիրը ստրոգարել է 2017 թվականի նոյեմբերին:
2. Վիզաների տրամադրման գործընթացի ազատականացման հարցում նույնպես չկա համաձայնություն Բաքվի և Բրյուսելի միջև: Հայաստանն, իր հերթին, վերացրել էր Շենգեն գոտու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը 2013 թվականից:
3. Համաձայնագրի վերջնականացմանը խոչընդոտում է նաև Ադրբեջանի դիմադրությունը ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքներին վերաբերող հոդվածների կապակցությամբ: Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրում այդ հարցերը ամբողջությամբ արծարծված են և գրեթե նույնական են այսպես կոչված Արևելյան գործընկերության Ասոցիացված երկրների համաձայնագրերին:
4. Ադրբեջանը Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ չէ, և չնայած ԵՄ-ն, անելով բացառաություն Ադրբեջանի համար, պատրաստ է ստորագրել համաձայնագիր, եթե Ադրբեջանը ներկայացնի Առևտրի Համաշխարհային կազմակերպությանը անդամակցության ճանապարհային քարտեզ, Ադրբեջանն այս հարցում նույնպես առաջընթաց չի գրանցում: Հիշեցնեմ, որ Հայստանը WTO անդամ է 2003 թվականից :
5. Եվ իհարկե, լրջագույն հարց է նաև Արցախյան հակամարտության խնդիրը: Ըստ աղբյուրների, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախագծում հիշատակված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ԵՄ սատարման դրույթը, սակայն Բրոյսելը հրաժարվում է միարժեքորեն գրել, որ ճանաչո է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:
2017 թվականին ստորագրված Հայաստանի հետ համաձայնագրում Եվրոպական Միությունը ամբոջղությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչաձն, գործունեությանըև առաջարկված հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշամն իրավունքին:
Եվրոպական Հանձնաժողովի գործող մանդատը ավարտվում է այս տարվա նոյեմբերի 1-ին, և եթե կողմերը չհասցնեն հարթել առկա տարաձայնությունները, ապա նոր Եվրահանձնաժողովի պարագայում այս գործընթացը հասկանալի պատճառներով էլ ավելի կդանդաղի: 2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, իրապես, մնում է ունիկալ քաղաքական փաստաթուղթ, և այդ տարիներին մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է:
Ինչպես բազմիցս ընդգծվել է թե Հայաստանի, թե Եվրոպական Միության ղեկավարության և փորձագիտական շրջանակների կողմից, մեզ հաջողվել էր լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ նման ամբիցիոզ փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ:
Ինչպես տեսաք, մենք այնպես ենք աշխատել, որ առ այսօր, երկու տարի անց, Ադրբեջանը չի կարողանում հասնել Հայաստանին գլոբալ քաղաքականության եվրոպական ուղղության վրա: Սա, բնավ, չի նշանակում, որ Հայաստանի և Արցախի համար բոլոր սպառնալիքները չեզոքացված են: Չմոռանանք, որ 2020 թվականից գործարկվելու է Հարավային գազային միջանցքը, որով ադրբեջանական գազը հասնելու Եվրոպական Միության երկրներին՝ այստեղից բխող բոլոր մարտահրավերներով: ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան խնամք է պահանջում:
Իսկ օրակարագն ավելի, քան հագեցած ՝ CEPA-ի վերջնական վավերացում, CEPA-ի լիարժեք և որակյալ իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, Արևելյան Գործընկերության հեռանկարները, գլոբալ և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը և այլն: Ուստի Հայաստանի գործող իշխանություններն պարտավոր են վերջնականապես չմսխել կուտակված արտաքին քաղաքական կապիտալը և վերջապես լրջորեն զբաղվել թե արտաքին քաղաքականությամբ, թե երկրի բարեփոխումների իրական օրակարգով»։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժաղովի նախկին նախագահ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը