«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն:
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը:
Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սեպտեմբերի 1-13-ը կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 98 շուն, որից չորսն ի պահ են վերցրել կենդանասերները:
Շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 29 արձանագրություն:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ու միջոցներ ձեռնարկել շինհրապարակները կահավորելու և անվտանգության կանոններն ապահովելու նպատակով: «Գործողությունները պետք է ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ բնույթ կրեն»,- նշել է քաղաքապետը:
Էրեբունի վարչական շրջանի 34 փողոցներում իրականացվում են արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ: «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում ընդհանուր առմամբ մեկ ամսվա կտրվածքով 1 մլն 300 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 15 մլն 600 հազար դրամ:
Ամփոփվել են 2019թ. հունվար-օգոստոս ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները. Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 103.6%: Փաստացի գանձված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 մլրդ 186 մլն դրամով: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների գանձման գործընթացը: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2019-2020 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 11 հազար 860 աշակերտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը