Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին:
Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:
Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն: «Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»,- ընդգծել է հանրապետության Նախագահը:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն այսուհետ ևս համատեղ ուժերով կլուծի իր առջև ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն: «Վստահ եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը