28 08 2019

Փաշինյանը չունի արտաքին քաղաքական որևէ կուրս. Տարասով. 168.am

Փաշինյանը չունի արտաքին քաղաքական որևէ կուրս. Տարասով. 168.am

168.am-ը գրում է․ ««Փաշինյանի գաղափարները հարցեր են առաջացնում թե Ռուսաստանում, թե Արևմուտքում»,-  այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին ունեցած ելույթի ուշագրավ հատվածներին։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, որտեղ իր ելույթի առաջին հատվածում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության համաշխարհային նշանակությանը և դիվանագետների կողմից այդ հանգամանքը ի օգուտ ՀՀ հեղինակության օգտագործելու անհրաժեշտությանը։

ՀՀ վարչապետն ասել է, որ ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը և խնդիր կա ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է։

«Հաջորդ սկզբունքը, որը պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: Ի՞նչ նկատի ունեմ՝ ասելով համահայկականություն արտաքին քաղաքական ասպարեզում: Մեր արտաքին քաղաքական բարդություններից և բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։

Ելույթի միջին հատվածում ՀՀ վարչապետը խոսեց նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Իսկ իր ամփոփիչ խոսքում Փաշինյանն ասել է.

«2018 թվականի հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմիցս եմ հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռևերսներ տեղի չեն ունենալու, և շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել, և արտաքին քաղաքական ասպարեզում մենք աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք և ապահովում ենք ժառանգականություն:

Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Իրականում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ: Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից: Քավ լիցի, դա անհնար է և ոչ խելամիտ»։

Ստանիսլավ Տարասովը «Ռեգնումի» էջում արդեն անդրադարձել է այս ելույթի առաջին մասին։ Ռուս փորձագետի հետ զրույցում առավելապես կանգ առանք ՀՀ վարչապետի ելույթի ամփոփիչ հատվածին։

Նախ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ելույթը սկզբից մինչև վերջ որոշ հարցեր, տեղ-տեղ՝ նաև զարմանք է առաջացնում։

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, բայց Փաշինյանը հայտարարում է նաև արտաքին քաղաքականությունում մանևրելու մասին, սա ինչպե՞ս են ընկալելու ԵԱՏՄ գործընկերներն այս հայտարարությունը, ինչպես կարող է նա օտարների շարքում մտերիմ դիտարկվել, այդպես չի կարող լինել։ Նա թավշյա հեղափոխությունը համաշխարհային նշանակության իրադարձություն է որակում, այնինչ դրա նկատմամբ զգուշավորություն կա թե Ռուսաստանում, թե Արևմուտքում, հեղափոխությունն ամենևին էլ համաշխարհային հեղինակություն չի վայելում հեղափոխությունը։ Ինչպես է հեղափոխությունը հեղինակություն վայելում, երբ ԱՄՆ-ը կրճատում է աջակցությունը ԼՂ-ին, էականորեն ավելացնում Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը։ Սա արդյո՞ք հեղինակության մասին է խոսում։ Այս ամենից հարցեր են առաջանում թե Ռուսաստանում, թե Արևմուտքում։

Փաշինյանն անիրականանալի և անհասկանալի նպատակներ է դրել, համահայկականության առաջնորդ է իրեն որակում, այդ դեպքում նա պետք է հավաքի Սփյուռքի բոլոր կազմակերպություններին և նրանցից նման լիազորություն ստանա՝ դառնա նման առաջնորդ, այլապես ինչ ասես կարող է խոսել։ Այդ ամենը հնչում է՝ որպես թեզիս, երազանք, իսկ խնդիրն այն է, որ Փաշինյանի փորձեր հեռանալ արտաքին քաղաքական ընդունված ստանդարտներից, հարցեր է առաջացնում Մոսկվայում, Արևմուտքում, չկա արտաքին քաղաքական որևէ կուրս, և դա ոչ կարելի է որակել՝ որպես մանևրելու քաղաքականություն, ոչ էլ որևէ կենտրոնի վրա հիմնված քաղաքականություն։

Ինչպես կարող է Հայաստանն ունենալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև քաղաքականություն, եթե Ռուսաստանը ՀՀ անվտանգության երաշխավորն է, ինչպես անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կիրականացնի իր պարտավորությունները, երբ ասում են. «Մենք Ձեզ սիրում ենք, բայց երկրորդ կին ունենք, անհրաժեշտության դեպքում գուցե սիրուհի էլ ունենանք»։ Եթե քաղաքականությունը շարժվում է Արևմուտք, կա դժգոհություն Ռուսաստանից, թող հստակ հայտարարվի այդ մասին, լինի հստակ դիրքորոշում, բայց չկա դա, ոչ էլ կա դրա հակառակ իրավիճակը։ Սա մի իրավիճակ է, ասես սուլթանը լինի հարեմում։ Ռուսաստանի համար հասկանալի չէ այս ամենը։ Փաշինյանը կարդացել է գրականություն, ցիտատներ է բերում, դուրս է գցում ռոմանտիկ գաղափարներ, որոնք ռեալ գործողությունների, իրականության հետ որևէ կապ չունեն»,- ասաց Տարասովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ