21 08 2019

Կերենսկու ռեինկարնացիան. ի՞նչ է սպասվում Փաշինյանին. 7 or.am

Կերենսկու ռեինկարնացիան. ի՞նչ է սպասվում Փաշինյանին. 7 or.am

7or.am-ը գրում է.

«Փաշինյանը հիմա հիշեցնում է ռուսական հեղափոխության 1–ին ալիքի խարիզմատիկ առաջնորդ Կերենսկուն, որը դարձավ ժամանակավոր կառավարության ղեկավարը, բայց մեկ տարի էլ չկարողացավ դիմանալ այդ աթոռին ու վերջում, ըստ որոշ պատմաբանների, Ռուսաստանից փախավ անգլիական դեսպանատան օգնությամբ, այն էլ՝ կանացի շորերով, որպեսզի նրան չճանաչեին ու ֆրանսիական հեղափոխությունից փախչող Լյուդովիկոս 16–րդի պես հետ չվերադարձնեին։

Կերենսկու «փառքը» հանգիստ չի տալիս Փաշինյանին

Փաշինյանը հիմա Կերենսկու օրն է ընկնում, ինչի մասին, ի դեպ, մենք բազմիցս նրան զգուշացրել ենք։

Նա նույնիսկ իմիջային առումով է Կերենսկուն շատ նման։ Վերջինս էլ մինչև իշխանության գալը եղել է թունդ ընդդիմադիր ու ցարական իշխանության մոլի հակառակորդ, զբաղվում էր լրագրությամբ ու հրապարակվում «Բուրևեստնիկ» թերթում։

Կերենսկին լավ հռետոր էր ու խարիզմատիկ։ Հանրահավաքների ժամանակ էքստազի մեջ էր գցում ամբոխին, ու հաճախ ինքն էր ելույթների ժամանակ ուշաթափության հասնում։ Պատահական չէ, որ Կերենսկուն անվանում էին «հեղափոխության սիրելին»։

Կերենսկին պոպուլիստ էր ու դեմագոգ։ Ոչինչ չէր հասկանում պետական կառավարումից։ Ժամանակավոր կառավարության գլուխ դառնալուց հետո նրա քաղաքականությունը նյարդայնացնում էր բոլորին՝ ցարականներից մինչև բոլշևիկներ, էսեռներից մինչև անարխիստներ։

Կերենսկին լեգիտիմ չէր զինվորական վերնախավի մոտ, քանզի զինվորական ավանդույթներ ունեցող Ռուսաստանում ընդունված չէր, որ պետության ղեկավարը պետք է բանակի հետ կապ չունենա։

Բանակային կյանքով ապրած չլինելը Կերենսկին որոշեց փոխարինել քարոզչական էֆեկտով։ Նա իր համար զինվորական նորաոճ հագուստ պատվիրեց ու հիմնականում այդ հագուստով էր հանդես գալիս ժողովրդի առաջ։

Ինչ վերաբերում է նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը, ապա դրա արդյունքում նա օտար դարձավ բոլորի համար։ Նա մի ձեռքով ցար Նիկոլայ 2–րդի համար տնային կալանքի որոշում ստորագրեց, իսկ մյուս ձեռքով բանակի գլխավոր շտաբի ղեկավար նշանակեց ցարական գեներալ Կոռնիլովին, քանզի հասկանում էր, որ իր դատարկախոս հեղափոխական ընկերներով չի կարող բանակ կառավարել։

Ցարին կալանավորելու որոշումը նյարդայնացրեց ռազմական էլիտային ու պետականակենտրոն շրջանակներին, իսկ Կոռնիլովին բանակի ղեկավար նշանակելը նյարդայնացրեց ծայրահեղ հեղափոխականներին, մասնավորապես բոլշևիկներին։ Արդյունքում՝ Կերենսկուն ատեցին բոլոր կողմերից։

Կերենսկին փորձում էր դուր գալ բոլորին, բայց արդյունքում բոլորից հարվածներ էր ստանում։ Այս ամենի արդյունքը եղավ այն, որ նա վերջում «հեղափոխության սիրելիից» դարձավ «հեղափոխության ատելին» և անփառունակ ձևով ավարտեց կարիերան։

Փաշինյանի մոտ կերենսկիական ախտանիշներն ակնհայտ են։ Նրա բոլոր քայլերն իր դեմ են դուրս գալիս։

Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա Կերենսկու պես շեղվեց հեղափոխության օրերին հնչեցրած կարգախոսներից։

Նկատենք, որ նմանատիպ շեղումները ներհատուկ են հեղափոխության 1–ին ալիքի ներկայացուցիչներին բոլոր ժողովուրդների մոտ ու բոլոր ժամանակներում՝ սկսած 1789–ի ֆրանսիական հեղափոխությունից մինչև «թավշյա»։

Ի՞նչ է սպասվում

Երբ Փաշինյանը շեղվեց հեղափոխական կարգախոսներից ու նոր Հայաստան կառուցելու փոխարեն դարձավ հին Հայաստանի գործիքն ու սկսեց քաղաքական վենդետտան, այդ պահից սկսած՝ թշնամացավ պետականակենտրոն ու հայաստանակենտրոն ուժերի հետ։

Հայաստանը «Մարտի 1»–ի գերի դարձնելու, սեփական բարդույթները հաղթահարելու, դիլետանտ պետական կառավարում իրականացնելու և սեփական պաթոլոգիկ ատելությունը բավարարելու արդյունքում Փաշինյանը դարձել է օտար մարմին ռազմաքաղաքական վերնախավի, հանրության գիտակից շերտերի և բիզնես դաշտի համար։

Նա օտար է ընկալվում նաև տնաբույծ թրքաբոլշևիկյան «կանաչների» համար (ի դեպ, կանաչ գույնը ոչ միայն բնապահպաններինն է համարվում, այլ նաև մահմեդական աշխարհինը, որի սուննիական հատվածի անվերապահ լիդերությանն է ձգտում Թուրքիան, որին պետք է Կովկասից դուրս մղել ռուսներին և ուղիղ ցամաքային կապ ունենալ Միջին Ասիայի երկրների հետ)։ Այդ «կանաչները» Փաշինյանին Ամուլսարի առիթով արդեն ոչ լեգիտիմ են համարում այնպես, ինչպես ռուս բոլշևիկներն էին Կերենսկուն ոչ լեգիտիմ համարում, քանզի նա արյան բաղնիքի չէր վերածում Ռուսաստանը, այլ «ընդամենը» բավարարվում էր Նիկոլայ 2–րդի կալանքով։

Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է խայտառակ ավարտ չունենալ և սեփական հեռացման սցենարը կառավարելի ու անցնցում դարձնել։ Դրա համար նա պետք է հրաժեշտ տա պոպուլիզմին, դադարեցնի քաղաքական հետապնդումները, կոշտ դիրքորոշում ցուցաբերի թրքաբոլշևիկ «կանաչների» նկատմամբ և բնում խեղդի ոխերիմ թիմակիցների՝ արտաքին շահերի սպասարկման ցանկացած դրսևորում, չլարի Երևան–Ստեփանակերտ հարաբերությունները, փողոցից տեղափոխվի կաբինետ և վերջ տա հանրահավաքային հռետորաբանությանը։ Հակառակ դեպքում փոփոխությունները կլինեն անխուսափելի, բայց արդեն ցնցումներով, ինչը ձեռնտու չէ ո՛չ հայաստանակենտրոն ուժերին, ո՛չ անձամբ Փաշինյանին։ Լավ կլինի, որ նա հեռանա հայաստանակենտրոն ուժերի, այլ ոչ թե թուրքական ՄԻՏ–ի ձեռքերով։

Առայժմ ընտրությունը Փաշինյանինն է։ Հետո արդեն ուշ կլինի։ Հետո չասեք, թե՝ ինչո՞ւ մի բերան չէիք ասում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ