Top-news.am-ը գրում է․ «Գործող իշխանության ձախողումը օր օրի ավելի նկատելի է դառնում հասարակության տարբեր շերտերի համար։ Այն ձեռք է բերում խիստ կիրառական նշանակություն, ինչը մեծացնում է թե ռիսկերը, թե պատասխանատվությունը։ Բոլորիս։
Լայն հանրային աջակցությամբ ձեւավորված եւ ահռելի դրական սպասումներ կրող իշխանությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում վերածվեց սովորական յուրայինների իշխանության։ Փորձենք հասկանալ, որոնք էին ձախողման հիմնական պատճառները, թույլ տրված հիմնական սխալները։
1. Ապրիլյան խոստումներից եւ կարգախոսերից սահուն անցում կատարեց կեղծ օրակարգերի, որոնք ժողովրդի սպասումների եւ ակնկալիքների հետ որեւէ կապ չունեին: Օրակարգը կեղծ էր հանրության համար, բայց պարզվեց, որ նոր իշխանության շարժիչը, մոտիվացիան հենց դա էր՝ 24 ժամյա կռիվ անցյալի հետ ու ներկայի եւ ապագայի ստորադասում անցյալին։
2.Իշխանությունը դարձավ մարտի մեկի գերին: Նա այդպես էլ չհասկացավ, որ պետության հեռանկարն ապագայում է եւ ոչ անցյալում՝ այն էլ ողբերգական էջում: Փաշինյանը չհասկացավ, որ մարտի մեկը խորքային բարդ եւ նուրբ խնդիր է, եւ ոչ թե մեկ օրվա մեկ ժամվա ուժային գործողության հարց: Խորքային վերլուծության եւ հանրային համերաշխության սահմաններում լուծում գտնելու փոխարեն, ընտրվեց հորինված քրեական գործի ճանապարհը։ Իսկ սա դա մաշում է պետության ռեսուրսը։
3. Իշխանությունը որպես ինքնադրսեւորման միջոց ընտրեց պարզունակ ագրեսիվությունը, դրանով իրենից վանելով կրթված եւ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք մեկ տարի առաջ պատրաստ էին աշխատել, օգնել կառավարությանը, իսկապես տեսնել եւ ձևավորել նոր էջ ու նոր փուլ երկրի կյանքում։ Իշխանությունը իր չդադարող ագրեսիվությունը փոխանցեց զանգվածներին, որոնց այսուհետ շատ դժվար է լինելու տեղափոխել կառուցողական հուն։ Իշխանության ագրեսիան մտել է ամեն փողոց, ամեն հիմնարկ, բակ ու տուն։
4. Հեղափոխական իշխանությունը պատրաստ չլինելով իշխանությունը վերցնելուն եւ չունենալով երկիրը զարգացնելու տեսլական, ծրագիր եւ գաղափարներ, փոխանակ այդ բացը լրացներ իր շուրջը համախմբելով երկրի մտավոր ռեսուրսը եւ երկրի զարգացման երկարաժամկետ լուրջ եւ իրատեսական ծրագրեր մշակեր, ընտրեց պոպուլիզմը, ընտրեց ամբոխավարությունը եւ որոշեց հենվել ամբոխի վրա, իրականացնելով քայլեր, որոնք ամբոխին բավարարելուց բացի ծանր հարված են հասցնում երկրի ներկային, ապագային եւ անվտանգությանը:
5. Իշխանության կոպտագույն սխալներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր։ Սա անձնական համակրանքի կամ հակակրանքի խնդիր չէ։ Սա բազմաշերտ կոպիտ սխալ էր, որը երկիրը առողջ զարգացման հունից մի կողմ շպրտեց։
Իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ցույց տվեց, որ գործ ունենք ամենապարզունակ վրեժի եւ սեւեռվածության հետ, որը որեւէ կապ չունի պետական մտածողության հետ: Իսկ նման իշխանությունները չեն կարող ունենալ առաքելություն, չեն կարող համոզել եւ համախմբել հանրությանը ու երկիրը տանել առաջ։
Նույնիսկ, եթե այսօր տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր պատճառներով լռում են ու չեն բարձրաձայնում իրենց աջակցությունը Քոչարյանին, նրանք իրենց հոգու խորքում իրենց տներում գիտեն, որ շատ վատ բան է կատարվում եւ սա ոչ մի հեռանկար չունեցող ընթացք է։ Այդ անհեռանկարայնությունը փոխանցվում է կյանքի բոլոր ոլորտներ։ Սեւեռվելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վրա, Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ինքը որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ եւ բոլորովին էլ ժողովրդավար գործիչ չէ եւ ամեն կերպ փորձում է լիակատար ազդեցություն սահմանել դատական իշխանության վրա: Սա կոտրեց հանրության լիբերալ եւ իրավագիտակից շերտին։ Ի վերջո, հնարավոր է մի ցանկացած մարդուց հակաքարոզչությամբ հրեշ սարքել, բայց ավելի երկար ժամանակահատվածում, դա անհնար է։ Հիմա այս հարցը մտել է այդ ՝ անհնարինության փուլը։ Ի վերջո, Քոչարյանի ժամանակ են կառուցվել Հայաստանի, այդ թվում «նոր Հայաստանի» հիմնական արտադրական եւ ենթակառուցվածքային հզորությունները։
6. Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը իշխանության ձախողման պատճառներից է։ Լայն հանրությունը դա զգում է իր բոլոր բջիջներով, եթե նույնիսկ նրան ամեն կերպ համոզեն թե դա այդպես չէ։ Խոպանչիից մինչեւ գործարար, դիվանագետից մինչեւ ուժային, սա գիտեն, ու սա թաքցնել այլեւս չի լինում։ Հարյուր հազարավոր մարդիկ տարբեր թելերով կապված են ռուսական իրականության հետ եւ ուղղակիորեն զգում են սառնությունը ու նաեւ կռահում դրա պատճառները, ու հասկանում հետեւանքները։
7. Ձախողման պատճառների մեջ կա մեկը, որը կարիք չունի երկար դետալային նկարագրման։ Դա հնարավոր է ձեւակերպել մեկ բառով՝ անլրջություն։ Բայց խնդիրն այն է, որ դա կարող է ունենալ չափազանց լուրջ հետևանքներ։
Գեղամ Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը