Panorama.am-ը գրում է․ «Հետաքրքիր է կյանքի դրվածքը․ մեկը պատմություն է կերտում, մեկ ուրիշն այն փորձում է խմբագրել է իր հայեցողությամբ; մեկը կյանքը վտանգելով նվաճում է հայրենիքի խաղաղությունը, մեկ ուրիշը տարիներ անց ստուգում է, թե արդյո՞ք ազատարարը ճիշտ էր զենքը բռնել; մեկի համար իշխանությունը հայրենիքը զարգացնելու միջոց է, մեկ ուրիշի համար՝ սեփական ամբիցիաներին հագուրդ տալու գործիք։
Նախախնամությամբ թե պատահականորեն, երբեմն ստացվում է, որ գլխիվայր շուռ եկած իրականության մեջ վատ տեսակն է դառնում թելադրողը․․․ և մնաս բարով առողջ բանականություն, օրենք ու բարոյականություն։ Ճիշտ ինչպես հիմա Հայաստանում․ էժանագին շոուների սիրահար օրվա իշխանությունը հետևողականորեն հեղինակազրկում է հերոսների հաղթանակներն ու ձեռքբերումները՝ բացարձակ չմտահոգվելով պետության հեղինակության մասին։
Ենթադրենք, թե արտասահմանցի զբոսաշրջիկների համար Երևանում էքսկուրսավար աշխատած և պետության հաշվին նրանց նվերներ մատուցած Փաշինյան Նիկոլը մի 10-20 հոգու կարճաժամկետ հիացմունք էլ նվաճեց․․․ հետո՞։
Դա հո չի ազդելու ՄԻԵԴ-ի՝ մեր երկրում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները գնահատելու վրա։ Չի շեղելու ուշադրությունն այն փաստից, որ հունիսի 25-ից երրորդ անգամ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ մի շարժ չկա և պաշտպանների հավաստմամբ՝ «արդեն 50 օր է՝ չի քննվում գրավի միջնորդությունը, որը անհապաղ քննելի է, անկախ պատճառներից»։
Իրավաբանններն արդեն լիովին խճճվել են Առաջին ատյան-Վերաքննիչ – Վճռաբեկ - ՍԴ- ՄԻԵԴ- Վենետիկի հանձնաժողով այս գործի «վոյաժները» մեկնաբանելու փորձերից, ինչը հազարերորդ անգամ ապացուցում է, որ գործը լիովին կառուցված է ստի ու կեղծիքի վրա։
Ինչքա՞ն կարելի է խաբել, երբ վաղուց արդեն սպառվել են խելքին գոնե փոքր-ինչ մոտ բոլոր ստերն ու փաստարկները։Այնպիսի զգացողություն է, ասես ողջ հանրապետությունում սպասողական վիճակ է՝ տեսնենք ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից ի՞նչ պատասխան կգա; տեսնենք Սահմանադրական դատարանն ինչքա՞ն կդիմանա խայտառակ ու բացահայտ ճնշումներին; տեսնենք՝ փաշինյանական վարչախումբը ե՞րբ և ինչպե՞ս կհեռանա; տեսնենք՝ վերջապես ամեն մեկն իր տեղո՞ւմ կլինի՝ բլոգերը համացանցում, զբոսավարն ավտոբուսում, վարչապետն էլ իր աշխատասենյակում․․․
Իսկ մինչ սպասում ենք փրկիչների կամ ճակատագրական իրադարձությունների, արդեն լուրեր են պտտվում հերթական «բարձր» ձերբակալությունների մասին։ Այնքան էլ անհավանական վարկածներ չեն՝ միայն շոու-ձերբակալությունների ընդունակ այս իշխանությունների պարագայում։ Ի՞նչ կա որ․․․ պատվերը կտան ձեռնասուն քննիչներին, սրանք էլ գործերը տաք-տաք կթխեն ու կհրամցնեն տեսարաններ տենչող շերտերին։
Իսկ հարթակներից հեքիաթներ կպատմեն հայրենիքին անմնացորդ ծառայելու մասին։
Այդ գործելաոճն առավել քան զավեշտալի է դիտվում հատկապես արցախյան հողում, այն էլ ղարաբաղցի-հայաստանցի լևոնյան պառակտիչ թեզը նորովի թարմացրած Փաշինյան Նիկոլի կողմից։
Վերջին մեկ տարում Արցախյան ազատամարտի հերոսներին հետևողականորեն վարկաբեկած անձը՝ հիվանդագին անամոթությամբ Արցախում հանրահավաքային ելույթ է պարտադրում ոչ իր պատվին հավաքված բազմությանը։ Դա անկասկած կկրկնվի նաև սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին․ օր, երբ հիշում ու փառաբանում են հաղթանակը կերտած բոլոր հերոսներին՝ զոհվածներին և ողջերին։
Ի՞նչ երեսով պիտի ՀՀ ներկա իշխանություններն Արցախի հողում հարգանքի տուրք մատուցեն զոհվածներին, երբ ողջ պետական ապարատով հետապնդում են ողջերին։ Ի՞նչ բարոյական իրավունք ունի Փաշինյան Նիկոլը խոսել Արցախի հանրապետության կայացման մասին, երբ ապօրինի կալանքի տակ է պահում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին; երբ ապրիլյան պատերազմի նոր քննիչ հանձնաժողով է ստեղծում, այն էլ ոչ պրոֆեսիոնալներից կազմված; երբ դավեր է նյութում արցախյան գեներալիտետի դեմ; երբ պարտադրում է դատավորներին՝ չեղյալ համարել Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորագիրը; երբ համառորեն շարունակում է Պաշտպանության բանակը մարտիմեկյան գործի մեջ ներքաշելու փորձերը․․․
Հիմա էլ արշավ են սկսել գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) դեմ։ Եթե վերևներում խելամիտ չգտնվեն և չդադարեցնեն ի սկզբանե ձախողման դատապարտված այս կեղծարարությունը, դարձյալ ականատես կլինենք պատերազմում հաղթանակ տարած հերթական գեներալի վարկաբեկմանը։ Եվ ի՞նչ․․․ իսկական հերոսներին հեղինակազրկելով ու բանտարկելով ինքդ հո հերոս չես դառնալու։ Օրինակ, որևէ բան փոխվե՞լ է այն իրողությունից, որ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանում է, իսկ Փաշինյանը՝ վարչապետի աթոռին․․․ Ո՛չ․ հերոսը հերոս էլ մնաց, իսկ Փաշինյան Նիկոլը այդպես էլ չաճեց կասկածելի հեղինակությամբ լրագրողի մակարդակից»։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը