7or.am-ը գրում է.
Կար ժամանակ, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ նկարվելն ու ֆեյսբուք գցելը սորոսական Լևոն Բարսեղյանի սիրած զբաղմունքներից էր։ Նա հեղափոխության օրերին Նիկոլի հետ Սերժին էր մերժում, քանզի այդպիսին էր մարտական առաջադրանքը։
Հիմա նա ֆեյսբուքի միջոցով հարցադրումներ է անում նույն Վանեցյանին ու տողատակում կծմծում նրան, թե բա չլինի՞ հեղափոխական իշխանության ԱԱԾ ղեկավարը ՆԿՎԴ–ի իրավահաջորդ է համարում ԱԱԾ–ին։
Վանեցյանն էլ իր օգնականի միջոցով պատասխան նամակ է գրում իր հետ նկարվելու երջանկությունից բերանը մինչև վերջ բացած Բարսեղյանին և հանգստանում, որ ԱԱԾ–ն ՆԿՎԴ–ի հետ կապ չունի (ՆԿՎԴ–ից «յան» են տալիս ԱԱԾ–ում, որպեսզի բարսեղյաններին հետագա «մուտիտներ» անելու, «գաղափարական» հիմքի վրա ներիշխանական խաղեր տալու հեռանկարից և հակառուսական հիստերիա–շոուներ սարքելու շանսից զրկեն)։
Ֆեյսբուքյան էպիստոլյար ժանրի զարգացումը, սակայն, պայմանավորված է ոչ թե ՆԿՎԴ–ով, այլ ունի լրիվ այլ պատճառ։ Պատճառն այն է, որ իշխանության մեջ տարբեր թևեր կան։ Մի մասին պայմանականորեն «սորոսական» են անվանում, մյուս մասին՝ «ռուսական», երրորդին՝ եսիմինչական։
Այդ թևերի միջև ավելի շատ ատելություն ու թշնամանք կա, քան կարող է լինել իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ։ Քանզի ներտեսակային պայքարն ավելի դաժան է, քան միջտեսակայինը։
Այդ թևերի պայքարի արդյունքում է, որ կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված «սորոսական» Դավիթ Սանասարյանը դեռ ազատության մեջ է, իսկ նրա գործը «քնեցվել» է, քանզի Նիկոլ Փաշինյանը փորձում է լարախաղացություն անել իշխանության տարբեր թևերի միջև։
Դատելով ամենից՝ իշխանության թևերի միջև «կրակոցները» ժամանակի ընթացքում ավելանալու են։ Քայլարածների թևերն իրար ատում են, բայց ընդհանուր հայտարարի են եկել մեկ հարցում։ Բոլորն էլ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողված է որպես պետության ղեկավար ու իրենց «վարի» է տալու։ Դրա համար էլ թևերը «լուռ համաձայնությամբ»«դուրս են գրել» Փաշինյանին ու սպասում են հարմար պահի։ Ամեն մեկն իրեն է տեսնում այդ պահի տիրոջ կարգավիճակում։
Ու թեև Նիկոլն իր երկարաշունչ ասուլիսներից մեկում հայտարարում էր, թե գիտի բոլոր այն կաբինետների տեղերը, որտեղ իր դեմ դավեր են հյուսվում ու վերահսկում է ամեն ինչ ու նաև հայտարարում էր, որ եթե իշխանության ներսում թևեր լինեն, ապա ինքն այդ թևերը կկտրի, այդուհանդերձ նա անկարող է կասեցնել ներքին քայքայման գործընթացը և իր դեմ աճող լարվածությունը, այդ թվում՝ իշխանության ներսից։
Նիկոլն այժմ ստիպված է սեփական գահավիժող վարկանիշը փրկել՝ Հայկոյի հետ «Իմ աղբը» սերիալ բեմադրելով ու զբոսաշրջիկների համար անորակ «գիդություն» անելով։ Վաղն էլ կարող է հրապարակում շաքարաքլոր վաճառել կամ ռեստորանում ուտելիք մատուցել, քանզի այլ բան, բացի թամաշայից, նա չի կարող անել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը